Ընտրություններում տարած հաղթանակից ընդամենը մեկ շաբաթ անց Դոնալդ Թրամփը սրընթաց արագությամբ կադրային որոշումներ է կայացնում՝ բավական հստակ պատկերացում ստեղծելով, թե ինչպիսին է լինելու ամերիկյան ապագա վարչակազմը։
Սպասվող ամենաաղմկալի նշանակման մասին հայտնի դարձավ ժամեր առաջ։ Դոնալդ Թրամփի թիմը հայտարարություն հրապարակեց՝ տեղեկացնելով, որ միլիարդատեր Իլոն Մասկը և գործարար, հանրապետական ներկուսակցական ընտրությունների նախկին մասնակից Վիվեկ Ռամասվամին նոր ստեղծվող մի գերատեսչություն կղեկավարեն, որ կոչվելու է Կառավարության արդյունավետության նախարարություն։ Եվ եթե Ռամսվամիի դեպքում Թրամփն այս քայլով նրան կարծես շնորհակալություն է հայտնում ընտրարշավի վաղ փուլում ցուցաբերած աջակցության համար, ապա Մասկի պարագայում ամեն ինչ շատ ավելի լուրջ է։
Ընտրարշավի ընթացքում Իլոն Մասկն ակտիվորեն պաշտպանում էր Թրամփին՝ անգամ ելույթ ունենալով նրա նախընտրական հավաքներին։ Առավել հիշվողը Մասկի՝ ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 5-ին հնչեցրած ելույթն էր։
«Մարդու բնավորության իրական գծերը ի հայտ են գալիս, երբ նրա վրա կրակում են։ Մենք մի նախագահ ունեինք, որ չէր կարողանում աստիճաններով բարձրանալ, և մեկ ուրիշը, որն իր դեմ ուղղված մահափորձից հետո թափահարում էր բռունցքը», - Թրամփի դեմ մահափորձն էր հիշում Մասկը։
The New York Times-ի պնդմամբ՝ այսօր արդեն, ընտրություններից օրեր անց, Մասկը առանցքային դերակատարություն է ստանձնել ամերիկյան նոր կառավարության ձևավորման հարցում։
«Աշխարհի ամենահարուստ բնակիչը Բայդենից Թրամփին իշխանության փոխանցման գործընթացում այնպիսի դերակատարություն է ստանձնել, այնպիսի ոչ պաշտոնական ազդեցություն է ձեռք բերել, որ նրան այժմ առանց որևէ կասկածի կարելի է Ամերիկայի ամենաազդեցիկ մասնավոր անձ անվանել», - գրում է ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ ընտրություններից հետո Մասկն իր ժամանակի հիմնական մասը անցկացրել է Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող առանձնատանը՝ «մասնակցելով պաշտոնի հավակնորդների հետ գրեթե բոլոր հարցազրույցներին»։
Ուշագրավ է, ի դեպ, որ ըստ The New York Times-ի, այս խորհրդակցությունների ընթացքում Մասկը փորձում է Սիլիկոնյան հովտում աշխատող իր ընկերներին առաջադրել տարատեսակ բարձր պաշտոնների։ Սրան էլ գումարած նա ներկա է գտնվել օտարերկրյա առաջնորդներից առնվազն երկուսի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցներին։
Ակնկալվում է նաև, որ Իլոն Մասկն այս շաբաթ կհանդիպի Արգենտինայի նախագահ Խավյեր Միլեյի հետ, որը ժամանելու է Ֆլորիդա՝ Թրամփին անձամբ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորելու համար։
Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի ևս մեկ բարձրաստիճան ներկայացուցիչն է դառնալու Հարավային Դակոտայի նահանգապետ, նախկին կոնգրեսական Քրիստի Նոեմը։ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնում՝ պնդելով, թե Նոեմը պաշտոնավարման ընթացքում «իրեն բավական լավ է դրսևորել սահմանների անվտանգության ապահովման հարցում»։ Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Թրամփը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ապագա ներքին անվտանգության նախարարը մի նահանգ է ղեկավարում, որ սահման չունի որևէ օտար պետության հետ։
Վերջին 24 ժամերին Դոնալդ Թրամփի թիմը մի շարք այլ նշանակումների մասին ևս հայտարարեց։ Հանրապետականներին աջակցող Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթը ղեկավարելու է Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը։ Պենտագոնի ապագա ղեկավարը մինչև լրագրությամբ զբաղվելը զինվորական է եղել, ծառայել է Աֆղանստանում և Իրաքում։
Թրամփի թիմը հայտարարեց նաև առաջին դիվանագիտական նշանակման մասին։ Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիին Դոնալդ Թրամփի թիմն առաջադրել է Իսրայելում դեսպանի պաշտոնում։ Սա ակնհայտորեն լավ լուր է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար։ Հաքաբին հայտնի է Իսրայելին ցուցաբերվող միանշանակ աջակցությամբ։ Հրապարակային ելույթներում նա բազմիցս արդարացրել է Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից անօրինական բնակավայրերի շինարարությունը՝ շարունակաբար կասկածի տակ դնելով նաև Պաղեստինի՝ որպես առանձին միավորի գոյությունը։