Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ուշ երեկոյան հաստատեց՝ ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնում կնշանակվի սենատոր Մարկո Ռուբիոն, ով կառաջնորդի Պետդեպարտամենտը Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների, Չինաստանի հետ խորացող մրցակցության ֆոնին։
Նշանակելով Ռուբիոյին, ով հայտնի է արտաքին քաղաքական հարցերում իր կոշտ դիրքորոշմամբ, Թրամփն ընտրում է դիվանագետ, որը կիսում է իր տեսակետները միջազգային հիմնական թեմաներում, ասում է Վաշինգտոնում գործող Պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն։
«Ռուբիոն գաղափարապես և քաղաքականապես համերաշխ է Թրամփի հետ ազգային անվտանգության մի շարք առանցքային հարցերում, ինչպիսիք են մրցակցությունը գերտերությունների միջև, կամ հակազդեցությունը Չինաստանին ու Իրանին», - «Ազատության»-ն ասել է Թալեբլուն:
Նախորդ շաբաթ՝ մինչև նշանակվելը տված հարցազրույցում Ռուբիոն նշել էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակված միանձնյա գերիշխանության շրջանն ավարտվել է, և հիմա եկել է մի դարաշրջան, որ նման է Նոր սառը պատերազմի։ Նա զգուշացրել էր, որ ԱՄՆ-ը չպետք է չափից ավելի ծանրաբեռնի իրեն միջազգային պարտավորություններով. - «Վաշինգտոնը պետք է «պրագմատիկ» լինի այն նպատակների հարցում, որ հետապնդում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս»։
«Մենք ամենահզոր երկիրն ենք, բայց մեր ռեսուրսներն էլ են սահմանափակ… ուստի մենք մեր ժամանակն ու գումարը պետք է ներդնենք այն հարցերում, որոնք բխում են մեր հիմնական ազգային շահերից», - ասել է Ռուբիոն նոյեմբերի 7-ին EWTN-ի հետ հարցազրույցում։
Կուբացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ռուբիոն 2017-2021թթ՝ Թրամփի նախագահության առաջին շրջանում, էապես ազդել է Վենեսուելայի հարցում Թրամփի քաղաքականության վրա։ The New York Times-ը նրան բնութագրել էր որպես «Լատինական Ամերիկայի գծով Թրամփի խորհրդական»։
Ֆլորիդայից երեք անգամ սենատոր ընտրված Ռուբիոն 2016-ին մարտահրավեր էր նետել Թրամփին՝ Հանրապետականների նախագահական ընտրապայքարում։ Ավելի քան տասը տարի լինելով Կոնգրեսում՝ Ռուբիոն հսկայական փորձառություն է կուտակել՝ աշխատելով միաժամանակ Սենատի Հետախուզության և Արտաքին քաղաքականության հանձնաժողովներում։
Եթե Սենատն ի վերջո հաստատի նրա թեկնածությունը, 53-ամյա Ռուբիոն կդառնա առաջին լատինաամերիկացին, որը կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը:
Որոնք են լինելու նրա գերակայություններն, ըստ փորձագետների
Առաջնահերթություն 1. Չինաստան
Ռուբիոն ցանկանում է ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնել Չինաստանի վրա։
«Կարծում եմ՝ 21-րդ դարի ապագան մեծապես կախված է այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Կարծում եմ՝ Չինաստանի ցանկությունն է, որ մենք ներքաշվենք Եվրոպայում հակամարտության մեջ և չկենտրոնանանք այն ամենի վրա, որ տեղի է ունենում Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասել է Ռուբիոն նոյեմբերի 7-ին։
Լինելով Չինաստանի հարցով Կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ՝ Ռուբիոն շարունակաբար հորդորում էր կոշտ դիրքորոշում որդեգրել Պեկինի նկատմամբ։
Նա նաև առաջ էր տանում Թայվանին զինելու ջանքերը՝ կոչ անելով ամերիկյան զենք-զինամթերք և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ տրամադրել՝ հույս ունենալով կանխել Չինաստանի հնարավոր հարձակումը կղզու վրա։
Ռուբիոն նաև ակտիվորեն քննադատել է Չինաստանին՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար, հորդորել հատուկ արդյունաբերական քաղաքականություն մշակել, որպեսզի Ամերիկան առավել մրցունակ դառնա, պաշտպանել չինական ապրանքների նկատմամբ սակագներ սահմանելու քաղաքականությունը։
Առաջնահերթություն 2. ՆԱՏՕ և Ուկրաինա
Ռուբիոն բազմիցս պաշտպանել է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականութունը՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայող ուկրաինացիներին բնութագրելով որպես «անհավանական խիզախ և ուժեղ»:
2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո, նա Սենատում սատարեց NYET ակտը, որի նպատակն էր «ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները» և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Միաժամանակ, Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը մտել է «փակուղի» և «այն պետք է ավարտին հասցնել»:
Նա այն փոքրաթիվ սենատորներից էր, որ այս տարվա սկզբին դեմ քվեարկեցին Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու նախագծին։ Ամիսեր անց օրինագիծն ի վերջո ընդունվեց՝ 2022 թվականի փետրվարից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունն Ուկրաինային հասցնելով գրեթե 175 միլիարդ դոլարի՝ մոտավորապես այնքան, որքան ամբողջ Եվրոպան միասին վերցրած:
Ռուբիոն ընդգծել է այդ անհավասարությունը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը պետք է հորդորի Եվրոպային ավելի մեծ դեր ստանձնել սեփական անվտանգային խնդիրները լուծելու համար՝ թույլ տալով Միացյալ Նահանգներին կենտրոնանալ իր առաջնահերթությունների վրա Չինաստանին Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Ռուբիոն կարևորել է, որ Վաշինգտոնը ստիպի Եվրոպային ավելի մեծ դեր ունենալ իր անվտանգության խնդիրների լուծման հարցում, ինչը հնարավորություն կտա ԱՄՆ-ին կենտրոնանալ Չինաստանի հետ մրցակցության վրա։
«Իրատեսական չէ ակնկալել, որ ԱՄՆ-ը 10 ամիսը մեկ տասնյակ միլիարդավոր դոլարներ կհատկացնի Ուկրաինային», - անցած շաբաթ ասել էր Ռուբիոն EWTN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա ընդգծել էր՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պետք է ավելի մեծ նպաստ բերեն ու ավելացնեն իրենց ներդրումները պաշտպանական դաշինքում։
«Մեր երկրում ամեն օր մենք բախվում ենք այն խնդրին, թե ինչպես օգնենք ամերիկացիներին, մինչդեռ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները նույնը չեն անում»,-ասել է նա։
Չնայած Ռուբիոն Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք ԱՄՆ-ի անվտանգության համար, թեև նա պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, միաժամանակ պնդում է, որ Կիևը պետք է բանակցի պատերազմն ավարտելու համար։ «Ռուսաստանը պարզապես չափից շատ ռեսուրսներ ունի՝ ներառյալ զենք և մարդուժ, ինչը Կրեմլին թույլ է տալիս շարունակել պատերազմն՝ անգամ կրելով աննախադեպ կորուստեր», - ասել է նա։
Իրան. «Ոչ մի զիջում»
Ռուբիոն տևական ժամանակ քննադատում, «ահաբեկչական» է որակում Իրանի վարչակազմը՝ ԱՄՆ-ի սև ցուցակում գտնվող «Համաս»-ին և «Հեզբոլա»-ին ֆինանսավորելու համար։
Լինելով սենատոր՝ նա կոշտ քննադատում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականին, Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը, որը թուլացնում էր Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագիրը դադարեցնելու դիմաց։
Համաձայնագրի քննադատները պնդում էին, որ այն ամրապնդեց Իրանի դիրքերը՝ հրաժարվելով պատժամիջոցներից՝ առանց երաշխիքների, որ Իրանը երբևէ միջուկային զենք չի արտադրի։ 2018-ին՝ Թրամփի նախագահության առաջին շրջանում, ԱՄՆ-ը միկողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ։
Վերջերս Ռուբիոն հեղինակել էր Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող երեք օրինագծեր, որոնք այս տարի ստորագրվել և օրենքի ուժ են ստացել։ Օրինագծերը նախատեսում են սահմանափակումներ մտցնել իրանական նավթի արտահանման վրա, պատժամիջոցներ սահմանել երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև «Համաս»-ին աջակցող կառույցների և կառավարությունների նկատմամբ։ Իրանի աջակցությունը վայելող «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին՝ հրահրելով տարածաշրջանային պատերազմ, որը սպառնում է տարածվել ողջ տարածաշրջանով մեկ։
Անցած սեպտեմբերին էլ Ռուբիոն քննադատել էր Բայդենի վարչակազմին, պնդելով, թե Սպիտակ տունը դանդաղում է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, մարդու իրավունքների համար սահմանափակումներ մտցնելու հարցում։
«Ամենայն հավանականությամբ, Իրանի հանդեպ պատժամիջոցները կխաստացվեն», -«Ազատության»-ն ասել է Վաշինգտոնում գործող Պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն։
Լինելով Իսրայելի նվիրյալ պաշտպաններից մեկը՝ Ռուբիոն աջակցում է այդ երկրի ինքնապաշտխանության իրավունքը։ Հոկտեմբերի 1-ին, երբ Թեհրանը հրթիրներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, Ռուբիոն հայտարարեց, թե հրեական պետությունը պետք է անհամաչափ պատասխան տա։
Աֆղանստան
Ռուբիոն նաև կոշտ դիրքորոշում է որդեգրել Թալիբանի նկատմամբ՝ պնդելով, որ զինյալ իսլամիստական խմբավորումը պետք է Վաշինգտոնի կողմից դասվի «ահաբեկչական կազմակերպությունների շարքում»։ Մարտին նա Սենատում մի օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Թալիբանի կողմից ղեկավարվող Աֆղանստանին՝ պնդելով, որ այդ գումարի մի մասը կարող է հասնել «ահաբեկչական խմբերին»։
Սենատում իր ելույթում Ռուբիոն ասել է. - «Թալիբանի վարչակազմի ներքո Աֆղանստանը ուղիղ սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի և Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների համար»։