Լեռնային Ղարաբաղ այցից ուղիղ յոթ տարի անց նախկին դեմոկրատ կոնգրեսական, այժմ արդեն հանրապետական Թուլսի Գաբարդն առաջադրվում է Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։
Նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն իր այս որոշման մասին հայտարարեց չորեքշաբթի երեկոյան՝ նշելով, որ պահեստազորի փոխգնդապետ Գաբարդին ուրախությամբ է նշանակում այս կարևոր պաշտոնում՝ վստահ լինելով, որ նա հետախուզական համայնքին կհաղորդի իր «անվախ ոգին, որի շնորհիվ փայլուն հաջողությունների է հասել իր կարիերայի ընթացքում»։
Թուլսի Գաբարդը 2013-ից 2021 թվականներին Կոնգրեսում ներկայացնում էր Հավայան կղզիների ընտրողներին։ Եվ հենց այս կարգավիճակում էր, որ նա 2017-ի աշնանը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության կազմում ժամանեց Ստեփանակերտ՝ բազմիցս օգտագործելով Արցախ տեղանունն ու խոսելով հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։
«Ես չեմ կարող պնդել, թե ամբողջությամբ ծանոթ եմ կամ հասկանում եմ ձեր փորձառությունը, բայց որպես ամերիկացի զինվորական ես երկու անգամ ծառայել եմ Մերձավոր Արևելքում և դրա շնորհիվ որոշ առումներով լավ եմ պատկերացնում պատերազմի գինը»,- Ստեփանակերտում դիմելով Արցախի խորհրդարանի պատգամավորներին՝ հայտարարել էր ամերիկացի կոնգրեսականը։
Վերջին տարիներին Գաբարդի քաղաքական կարիերան բավական բուռն էր։ 2022 թվականին նա հայտարարեց Դեմոկրատական կուսակցությունը լքելու որոշման մասին՝ պնդելով, թե դրա պատճառն այն է, որ Բայդենի վարչակազմը իր գործողություններով «աշխարհը հասցրել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»։
2024-ի ընտրարշավի ընթացքում Գաբարդը Դոնալդ Թրամփի հանրահավաքներին սկզբում մասնակցում էր որպես անկախ գործիչ։ Ընտրություններից մոտ տասն օր առաջ, սակայն, նա հայտարարեց հանրապետականների շարքերը համալրելու մասին. - «Հենց նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ է, որ Հանրապետական կուսակցությունը վերափոխվել է՝ կրկին ժողովրդի կուսակցություն դառնալով»։
Գաբարդի նշանակումը որոշ շրջանակներում ընկալվեց տագնապով
Վաշինգտոնում՝ նախևառաջ դեմոկրատներին հարող փորձագիտական շրջանակներում, Գաբարդի նշանակումը ընկալվեց անթաքույց տագնապով։ Ամերիկացի վերլուծաբաններից ոմանք պնդում են, որ գրեթե 70 միլիարդ դոլարի տարեկան բյուջե ունեցող ամերիկյան հետախուզական համայնքի ղեկավարությունը Գաբարդին վստահելը կարող է շատ ծանր արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։
«Ինչպե՞ս կարող է ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում իրեն նման անպատասխանատու կերպով դրսևորած մեկը մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի նիստերին»,-Reuters-ի հետ զրույցում նշել է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ջոշ Սայմոնը։
Վաշինգտոնում որպես Գաբարդի «անպատասխանատվության» վկայություն մատնանշում են Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումը։ Ռուսաստանի ներխուժման առաջին իսկ օրերից Գաբարդը հայտարարում էր՝ Պուտինը, Բայդենն ու Զելենսկին պետք է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական հաշվարկները, իսկ Ուկրաինան հավերժ չեզոք մնա՝ չանդամակցելով ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարած որևէ ռազմական դաշինքի։
Գաբարդի թեկնածությունը պետք է հաստատվի նորընտիր Սենատի կողմից։ Հաշվի առնելով, որ հանրապետականները այստեղ վստահ մեծամասնություն ունեն՝ Թուլսի Գաբարդը հազիվ թե որևէ խնդրի բախվի։
Այլ է իրավիճակը Թրամփի մեկ այլ աղմկալի առաջադրման՝ գլխավոր դատախազի դեպքում։ Այս պաշտոնում Թրամփն առաջադրել է հանրապետական կուսակցության աջ թևի առաջնորդներից մեկը համարվող Մեթ Գեթցին։
Խնդիրը, սակայն, այն է, որ երկրի թիվ մեկ իրավապահի պաշտոնում Թրամփն առաջադրում է մի մարդու, որը նախկինում մի շարք քրեական գործերով է անցել, այդ թվում՝ անչափահասների թրաֆիկինգի և թմրանյութերի անօրինական շրջանառության դեպքերով։ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն, ի դեպ, այսօր տեղեկացրին, որ Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովը պատրաստվում է անդրադառնալ Գեթցին՝ նրա վերաբերյալ խիստ քննադատական զեկույց հրապարակելով։