Հանրապետականները բավականաչափ տեղեր են ստացել նաև ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար: Արիզոնայում ու նաև Կալիֆորնիայում հաղթանակը հանրապետականներին 218 մանդատ է տվել Ներկայացուցիչների պալատում, որը մեծամասնություն է կազմում։ Հանրապետականներն այս ընտրություններից հետո մեծամասնություն ունեն նաև Սենատում ու փաստորեն վերահսկում են ողջ Կոնգրեսը։
Մինչ այդ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հրապարակել, թե ում է վստահելու գլխավոր պաշտոնները Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Գլխավոր դատախազի պաշտոնը Թրամփը կառաջարկի Ֆլորիդայից պատգամավոր Մեթ Գետցին, ում հանձնարարել է կտրուկ փոփոխություններ իրականացնել Արդարադատության դեպարտամենտում։
Որպես պետքարտուղարի թեկնածու ընտրվել է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն։ Իսկ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփն ընտրել է հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդին։ Գաբբարդը 2022-ին դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա աջակցություն հայտնել Թրամփին։ Թուլսի Գաբբարդն, ի դեպ, 2017 թվականին Հայաստան էր ժամանել ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում: Նա այցելել էր նաև Արցախ, խոսել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և բռնության դեմ։