Մատչելիության հղումներ

Ապաշրջափակման հարցով առաջարկները Երևանը Բաքվին ուղարկել է կազանյան բանակցություններից հետո․ Խանդանյան


ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան, արխիվ
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան, արխիվ

Ապաշրջափակման հարցով առաջարկները Երևանը Բաքվին ուղարկել է կազանյան բանակցություններից հետո, այժմ սպասում է արձագանքի, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքն, իշխանության ներկայացուցիչը չմանրամասնեց, բայց ասաց՝ Հայաստանի համար սկզբունքային հարցերը շարունակում են մնալ ինքնիշխանության և իրավազորության հարգումը։

Երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 24-ին Կազանում տեղի ունեցած բանակցություններից՝ հայտարարելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում։

«Մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին», - ասաց Փաշինյանը՝ կրկին առանց բովանդակությունը բացահայտելու:

Նույն օրն ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինտենսիվ բանակցում են երկաթագծի գործարկման շուրջ։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մանրամասներ չէր հաղորդել։

Երկաթգծի բացման հարցը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ակտիվ քննարկում էին 2021-22-ին, երբ բանակցությունները ընթանում էին ինչպես մոսկովյան, այնպես էլ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ: Այն ժամանակ անգամ համաձայնության մասին էր հայտարարվում, թե սահմանային ու մաքսային հսկողությունը պետք է իրականացվի փոխադարձության սկզբունքով: Հայաստանի կառավարությունը նույնիսկ նախնական հաշվարկ էր արել, նշվում էր՝ երկաթգծի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG