Մատչելիության հղումներ

Հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ - ադրբեջանական կարգավորման առանցքային տարր է. Զախարովա


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ – ադրբեջանական կարգավորման առանցքային տարր է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

Հիշեցնելով, որ 2020-22 թվականների Հայաստան – Ռուսաստան – Ադրբեջան եռակողմ համաձայնություններում ամրագրված տվյալ խնդրով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ, Զախարովան հայտնել է, որ այն մինչ օրս 12 նիստ է անցկացրել, որոնցից վերջինը՝ հունիսին, և մանրամասն քննարկել է երկաթուղային ու ավտոմոբիլային հեռանկարային երթուղիների փաթեթը: Աշխատանքային խմբի 12-րդ նիստի արդյունքներով արձանագրվել է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ձևերի համաձայնեցման գործում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Աշխատանքում ելնում ենք երկու երկրների փոխադարձության, ինքնիշխանության հարգման և իրավազորության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից», - ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ այս ուղղությամբ հաջողությունը ազդակ կհանդիսանա եռակողմ աշխատանքի մյուս ուղղությունների համար, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման և սահմանազատման:

Թեև ադրբեջանական գործակալությունը հրապարակման թե՛ վերնագրում և թե՛ տեքստում քանիցս օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչն այն հարցազրույցում չի գործածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG