Մատչելիության հղումներ

ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։

«Երեկվա արդյունքն ամբողջությամբ բնորոշում էր հայկական ֆուտբոլի ներկա վիճակը։ Երեկ ուղղակի, կարելի է ասել, առիթն էր, էդ լցված բաժակի թափվելն էր, որ ցանկանում էինք ընդհանուր ամփոփեինք, ընդհանուր ոլորտներից, ասպեկտներից խոսեինք, որը ցավոք տեղի չունեցավ: Ասեմ, որ առաջին անգամը չէր, մենք էլի էինք ցանկացել հանդիպենք Ֆեդերացիայի, Արմեն Մելիքբեկյանի հետ, հանդիպումը տեղի չի ունեցել, այդտեղից արդեն ծնվեց էդ պահանջը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

«Հինգ տարի առնվազն ՖԱՖ-ը էն կառույցն է եղել, որ ամեն ինչ արել է, որ ստացվի իրենց մոտ: Հիմա, հինգ տարի մենք ոչ մի բան չենք տեսել, ոչ մի բան, ոչ մի բան, նույն բանը, ինչ առաջ էր, հիմա էլ է՝ շինությունները, ուրիշ ոչ մի բան։ Հինգ տարվա մեջ մի երեխա պիտի տեսնեինք, որ մեծացել է, Հենո է դառնում, չկա», - ասաց ՖԱՖ անդամ Վիգեն Մինասյանը:

Ֆեդերացիայից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում։

Իսկ երեկ, այս անգամ արդեն՝ սեփական հարկի տակ, 0։2 հաշվով Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։

67-ամյա Պետրակովը հավաքականը ղեկավարում էր 2023-ի հունվարից։ Դեռևս իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ մարզիչը հայտարարել էր՝ Ֆեդերացիայի նախագահն իր առջև խնդիր է դրել փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։

«Ալեքսանդր Պետրակովն ուկրաինացի մասնագետ է, որը միայն աշխատել է Ուկրաինայում, Ուկրաինայի տարածքում՝ իր հայրենակիցների հետ: Անխոս՝ միջազգային մրցաշարում հաղթանակը Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ լուրջ ցուցանիշ է։ Բայց դա բավական չէ, որպեսզի նա համարվի այնքան լուրջ մասնագետ, որը կարողանա լուծել հայկական ֆուտբոլում առկա ամենամեծ խնդիրներից մեկը, այն է՝ դուրս բերել Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը՝ շարունակելով. - «Պարզից էլ պարզ էր, որ նա ոչ մի կերպ չի կարողանում կատարել իր աշխատանքը լավ: Դրա մասին խոսում է այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի առանցքային երեք ֆուտբոլիստ նրա օրոք այլևս չհրավիրվեց ազգային հավաքական՝ Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը, նաև պերսոնա նոն գրատա հայտարարվեց Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, և այս ցանկում ես դեռևս չեմ ներառել Հենրիխ Մխիթարյանին, որովհետև նրա թեման հավաքականում փակ է: Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի Ալեքսանդր Պետրակովի պրոֆեսիոնալիզմի և նոր աշխատանքի հետ ընտելանալու խնդիրները բարձրաձայնենք»:

Գասպարյանի կարծիքով՝ Ալեքսանդր Պետրակովը դեռևս նախորդ տարի պետք է հեռացվեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ անբավարար արդյունքների համար. - «18 հանդիպում, ընդամենը 4 հաղթանակ, որոնցից մեկն՝ ընկերական, և 0 չոր հանդիպում։ Դա ուղղակի խոսուն թվեր են, և ինձ թվում է՝ Ալեքսանդր Պետրակովը սպառել էր իրեն շատ վաղուց Հայաստանի հավաքականում»:

Մարզական մեկնաբանի խոսքով, սակայն, մարզչի հեռացումով կամ նոր մարզչի նշանակումով չէ միայն, որ հայկական ֆուտբոլի խնդիրները կարող են լուծվել. - «Պետք է խնդիրը նայել խորքային, այսինքն՝ նայել՝ ինչ արդյունքներ են ցույց տալիս մանկապատանեկան հավաքականները մեր՝ մինչև 16, 17, 19 և 21 տարեկանները, դա ուղղակի սահմռկեցուցիչ է. պարտություններ՝ պարտությունների հետևից՝ 0:6, 0:8, 0:9, և սա բնավ մեքենաների մակնիշներ չեն՝ սա Հայաստանի ազգային հավաքականի նոր սերունդն է»:

«Բողոքելով Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ նոր ուժերը պետք է գային և լիովին փոխեին հայկական ֆուտբոլը, բայց դա տեղի չունեցավ ընդհանրապես։ Արդյունքները ոնց վատ կային, տենց վատ էլ մնացին», - ընդգծեց Ռոբերտ Գասպարյանը:

Կա՞ն արդյոք Պետրակովին փոխարինող թեկնածուներ. Ֆեդերացիայից փոխանցեցին՝ թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս մասով դեռևս չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG