Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Երևանի Հանրապետական մարզադաշտում Նաիր Տիկնիզյանի ու Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ երկրորդ հաղթանակը տարավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում։
2-1 հաշվով ավարտված Հայաստան - Լատվիա հանդիպումն անցավ տան տերերի բացահայտ առավելությամբ, սակայն հաղթանակ կորզել ստացվեց միայն խաղի վերջին րոպեներին՝ 11 մետրանոցից։
Երկրպագուները Հանրապետական մարզադաշտը բարձր տրամադրությամբ լքեցին։ Վերջին անգամ հավաքականը Երևանում հաղթել էր ուղիղ մեկ տարի առաջ։
«Արդեն երկրորդ խաղն ա, շատ լավ խաղում են մեր տղաները։ Միշտ գալու ենք երկրպագենք», - ասաց մի երկրպագու։
«Մենք միշտ հետևում ենք Հայաստանի հավաքականի խաղերին՝ անկախ նրանից մենք թույլ կազմ ունենք, թե ուժեղ կազմ ունենք։ Միշտ մեր հավաքականի կողքին ենք։ Հիմիկվա մեր հավաքականը ուղղակի զարմացնում ա հաճելիորեն, ուղղակի ապշեցնում ա», - հավելեց մեկ ուրիշը։
Եվրո 24-ի որակավորման փուլի մեկնարկային երեք հանդիպումներից հետո Հայաստանի ընտրանին 6 միավոր ունի և խմբում երկրորդն է։ Առաջատարը Թուրքիայի հավաքականն է։ Նույն խմբում է նաև Խորվաթիան՝ աշխարհը առաջնության բրոնզե մեդալակիրը, որը, սակայն, առայժմ միայն երկու խաղ է անցկացրել։
«Ծանր հանդիպում էր, շնորհակալ եմ տղաներից, երկրպագուներից», - խաղից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ - «Նրանք բնավորություն ցույց տվեցին։ Տեսնում էր, որ ֆիզիկապես շատ ծանր է նրանց համար, բայց դիմացան։ Հարգանք ու պատիվ իրենց»։
Ուկրաինացի մասնագետի խոսքով, թիմն ամեն ինչ անելու է հաջորդ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար. - «Թե ինչպես կլինի, չեմ կարող ասել։ Ես մարզիչ եմ, մենք կներդնենք ամբողջ ուժերը։ Ձգտում ենք Գերմանիա գնալ»։
Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերի լավագույն երկու հավաքականները։ Հայաստանի ընտրանու հաջորդ հանդիպումը սեպտմեբերին է, հավաքականը կմեկնի Թուրքիա։