«Հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին», - սրանք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի խոսքերն են երեկ Երևանում Խորվաթիայի հետ խաղից հետո։
Ուկրաինացի մասնագետի սաները համառ պայքարում 0-1 հաշվով զիջեցին աշխարհի լավագույն թիմերից մեկին։
«Գիտեք այդպիսի արտահայտություն կա, նրանք պարզապես ավելի ուժեղ էին։ Բնավորությամբ ու աննախադեպ նվիրումով էինք փորձում։ Տղաներն ամեն ինչ անում էին, նրանցից դժգոհություն չունեմ։ Հասկանում եմ՝ սա ձեզ դուր չի գալիս, այլ ակնկալիքներ ունեք։ Կշարունակենք աշխատել», - նշեց Պետրակովը:
Մարզչի կարծիքով՝ ընտրանուն վարպետությունը չբավականացրեց, զգացնել տվեց նաև հոգնածությունը։ Խաղից հետո, սակայն, Պետրակովն իր սաներին շնորհակալություն է հայտնել. - «Տեսնում եք՝ տղաներն ուզում են, այո, սխալներ կան, բայց այդքան երիտասարդ տարիքում այդպիսի նվիրում, հաճելի է: Ինձ թվում է՝ ամեն ինչ կարգին է լինելու, նրանք ճիշտ ճանապարհի վրա են»:
Երկրպագուները նույնպես ընտրանու խաղից գոհ էին:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն էլ ասաց՝ Հայաստանի հավաքականը ագրեսիվ ու լավ ֆուտբոլ ցուցադրեց, բայց իրենք ավելի փորձառու են։ Մասնագետը դարձյալ հույս հայտնեց, որ Եվրո-24-ի որակավորման փուլի արդյունքում Հայաստանը կկարողանա եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։
Ի՞նչ պատկեր է հիմա մրցաշարային աղյուսակում. Հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը։ Երեկվա հաղթանակից հետո 10 միավորով առաջատարը Խորվաթիան է, նույնքան միավոր ունի Թուրքիան։ Հայաստանը 7 միավորով երրորդն է։ Հաջորդ տուրում Պետրակովի սաները դրսում կխաղան Լատվիայի հետ, Խորվաթիան տանը կընդունի Թուրքիային։
Հայաստանի հավաքականի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը զգալիորեն նվազեցին, բայց հնարավորություններ դեռ կան, պարզապես այժմ սեփական խաղերում հաղթելուն զուգահեռ անհրաժեշտ է, որ մրցակիցներն էլ անհաջող հանդես գան։
Երեկ կայացած հանդիպումը նաև միջադեպերով աչքի ընկավ, նախ երկրպագուների միջև ծեծկռտուք եղավ, 3 անձ ձերբակալվեց, ապա ԱԹՍ-ով մարզադաշտի վրայով Արցախի դրոշն անցավ։ Սա Բաքվի դժգոհությունն է հարուցել։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնեց, թե կդիմեն ՈՒԵՖԱ-ին՝ «հայերի սադրանքի» կապակցությամբ։