Մատչելիության հղումներ

«Սա սպորտ է, և եթե թերագնահատես կամ գերագնահատես մրցակցին, դա կարող է բացասաբար ազդել թիմի վրա». Պետրակով


Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի խնդիրը Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալ փորձելն է։ Ուկրաինացի մասնագետն այս մասին այսօր անձամբ հայտնեց իր առաջին ասուլիսի ընթացքում։

Հունվարին նշանակված 65-ամյա Պետրակովն 8 օրից Հայաստանի ընտրանուն կառաջնորդի Երևանում կայանալիք Թուրքիայի հետ հանդիպմանը. Ինչպե՞ս է տրամադրելու մասնագետն իր սաներին։ Ասում է՝ քաղաքականացնել պետք չէ. - «ԵՍ էլ ձեր պատմությունը լավ գիտեմ, բայց չափն անցնել պետք չէ, դա միայն վատ կանդրադառնա խաղի վրա, ինձ համար առաջին տեղում սպորտն է»:

Հայաստանի և Թուրքիայի հավաքականները վերջին անգամ հանդիպել են 2009-ին՝ թուրքական Բուրսայում։ Մարտի 25-ին կայանալիք խաղը եվրոպական ֆուտբոլային գերատեսչության՝ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ կանցնի առանց թուրք երկրպագուների, ինչպես փոխանցել էին Ֆեդերացիայից՝ անվտանգության նկատառումներով։

Հանրապետական մարզադաշտն ավելի քան 14 հազար հանդիսական է տեղավորում։ Բոլոր տոմսերը սպառվել են մի քանի օրվա ընթացքում։ Լրատվամիջոցները գրում են, որ այժմ սև շուկայում են տոմսեր վաճառում, մի քանի անգամ ավելի թանկ գներով։

Մինչ Հայաստանի ընտանի տեղափոխվելը, Պետրակովը գլխավորում էր Ուկրաինայի հավաքականը, և հենց նրա առաջնորդությամբ անցած սեպտեմբերին ուկրաինացիները Երևանում գերխոշոր՝ 0-5 հաշվով ջախջախեցին Հայաստանի ընտրանուն։ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում հավաքականը բացի Թուրքիայից ուժերը կչափի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի, ինչպես նաև Ուելսի ու Լատվիայի հավաքականների հետ։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած ընտրանիները Գերմանիայում կայանալիք Եվրո 24-ի ուղեգիր կնվաճեն։

«Թույլ խումբ չի կարող լինել, ֆավորիտը միանշանակ Խորվաթիան է: Սա սպորտ է, և եթե թերագնահատես կամ գերագնահատես մրցակցին, դա կարող է բացասաբար ազդել թիմի վրա։ Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին, կարծում եմ, հետաքրքիր պայքար է ստացվելու», - նշել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Պետրակովն այսօր հրապարակեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների 26 հոգանոց ցանկը։ Չթաքցրեց՝ արտասահմանում հանդես եկողներին դեռ չի ճանաչում. «Տեսանյութերը, հեռախոսազրույցները երբեք չեն փոխարինի ուղիղ շփմանը, ոչ մեկին անկեղծ չգիտեմ, միայն հեռախոսով ենք խոսել»:

Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանն ասում է՝ Թուրքիայի կազմը ավելի ուժեղ է, բայց սա չէ որոշիչը. - «Առանձնահատուկ նվիրումը, անսպառ հավատն ուժերի նկատմամբ կարող է շատ բան փոխել և հուսով եմ, որ հավաքական տղաները կկարողանան հենց այդ հավատով ու կռվելու ցանկությամբ, սպորտային չարությամբ դուրս գալ մարզադաշտ՝ խաղալու և հաղթելու Թուրքիայի հավաքականին»:

Հավաքականի երկարամյա ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մեկ տարի առաջ հայտարարեց ընտրանու կազմում ելույթներն ավարտելու մասին, վերջերս վերահաստատեց իր որոշումը՝ չի վերադառնա։ Ալեքսանդր Պետրակովի խոսքով՝ Հայաստան ժամանելուն պես ցանկացել է կապվել Մխիթարյանի հետ՝ և՛ ֆեդերացիայի ղեկավարությանն է դիմել, և՛ նախկին թիմակիցների միջնորդությամբ է փորձել։ Մխիթարյանի հետ զրույցը, սակայն, այդպես էլ չի կայացել։ Այժմ իտալական «Ինտեր»-ում հանդես եկող ֆուտբոլիստը միայն փոխանցել է՝ չի ցանկանում փոխել իր որոշումը և հաջողություն մաղթել ընտրանուն։

XS
SM
MD
LG