«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից և գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկ տարածած հայտարարությունը։
«Ցավալի է, որ Երևանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար», - նշում է Հաջիզադեն։
Ադրբեջանական ԱԳՆ խոսնակը նաև կասկածի տակ է դնում Հայաստանի հավատարմությունը խաղաղության հաստատման օրակարգին։
«Հարձակողական սպառազինություններ ձեռք բերող և Սահմանադրությունում ու այլ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, թե Երևանը հակված է խաղաղության, զուտ մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Երեկ Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալից հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին՝ մասնավորապես զգուշացնելով վտանգավոր խաղերի մեջ չներքաշվել, չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները և «կապիտուլյացիան»:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում», և առանձնացրել դրանցից երկուսը․ - «Արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Եվ երկրորդ՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»: