Մատչելիության հղումներ

Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Լիբանանի տարածքը


1000-ից ավելի զոհ, մոտ 6000 վիրավոր և գրեթե մեկ միլիոն ներքին տեղահանված՝ սրանք են Լիբանանի տարածքի՝ ուղիղ մեկ շաբաթ առաջ մեկնարկած իսրայելական ռմբակոծությունների հետևանքները։

Անցած գիշեր իսրայելական օդուժը նոր հարվածներ հասցրեց Լիբանանի մայրաքաղաքին։ Այս անգամ իսրայելական բանակի թիրախում էին Բեյրութում բնակվող պաղեստինցի գործիչները՝ մասնավորաբար «Համաս»-ի և «Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի» մի շարք ղեկավար անդամները։

Վերջին օրերի իսրայելական գլխավոր հաջողությունն իհարկե իրանամետ «Հեզբոլա»-ի երկարամյա առաջնորդ շեյխ Հասան Նասրալլայի սպանությունն էր։ «Հեզբոլա»-ն, որը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի կողմից, իսկ Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, իր առաջնորդի մահը հաստատեց շաբաթ օրը։

ԱՄՆ-ը չի բացառում, որ Նասրալլայի մահը կարող է ստիպել Իրանին կտրուկ պատասխան քայլերի դիմել

Իսրայելի թիվ մեկ դաշնակից Միացյալ Նահանգների իշխանությունները չեն բացառում, որ Նասրալլայի մահը կարող է ստիպել նրա գլխավոր հովանավորին՝ Իրանին, կտրուկ պատասխան քայլերի դիմել։ Այս մասին ABC հեռուստաընկերության եթերում հայտարարում էր Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին։

«Ինչ-որ պատասխան քայլերի մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք պետք է վստահ լինենք, որ պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք տարածաշրջանում բավարար ուժեր ունենք դրա համար։ Ամեն դեպքում վերջնական հստակություն այս հարցում դեռ չկա», - նշում էր ամերիկացի պաշտոնյան։

Այն, որ Նասրալլայի սպանությունն անպատասխան չի մնա՝ հաստատում են նաև Թեհրանում՝ արտգործնախարար Աբաս Արաղչիի մակարդակով։

«Մեր կարծիքով Ամերիկան հանցակից է այս ամենում և չի կարող իրեն տարանջատել այս հանցագործությունից։ Այն անպատասխան մնալ չի կարող և որևէ կասկած չկա, որ մենք կշարունակենք աջակցել Լիբանանին», - հայտարարում էր Իրանի ԱԳ նախարարը։

Լիբանանը հույս ունի Իսրայելի հետ ծագած ճգնաժամը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով

Լիբանանի ղեկավարությունը, սակայն, հույս ունի, որ Իսրայելի հետ ծագած այս ճգնաժամն ի վերջո հնարավոր կլինի հանգուցալուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին Նյու Յորքից վերադառնալուց հետո հայտարարում էր Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին։

«Մենք կասկածի տակ չենք դնում դիվանագիտության դերը, և դիվանագիտությունից բացի այլ ընտրություն մենք չունենք։ Մի իրավիճակում, երբ ուրիշները հավատում են ջունգլիների օրենքներին, Լիբանանը շարունակում է հավատալ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կառույցներին», - հայտարարում էր Լիբանանի վարչապետը։

Միկատին նաև նշում էր, որ Բերյութը պատրաստ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականին ընդունված 1701 բանաձևը, որով «Հեզբոլա»-ի ուժերը պարտավորվում էին հետ քաշվել Իսրայելի հետ սահմանից մոտ 30 կիլոմետր հյուսիս՝ տեղակայվելով Լիտանի գետի հակառակ ափին։

Իսրայելը շարունակում է մեծաքանակ ցամաքային ուժեր կենտրոնացնել Լիբանանի հետ սահմանի երկայնքով

Իսրայելցիները, սակայն, դիվանագիտական լուծումներին կարծես հակված չեն։ Նեթանյահուի կառավարությունը շարունակում է մեծաքանակ ցամաքային ուժեր՝ նախևառաջ տանկային ստորաբաժանումներ կենտրոնացնել Լիբանանի հետ սահմանի երկայնքով։ Դրան զուգահեռ իսրայելական օդուժն ու հրետանին շարունակում են հարվածներ հասցնել սահմանային բնակավայրերին, որոնք Իսրայելի կառավարությունը «Հեզբոլա»-ի հենակետեր է անվանում։

Վերլուծաբաններից ու ռազմական փորձագետներից շատերի կարծիքով՝ իսրայելական ցամաքային հարձակման հավանականությունը շատ մեծ է։ «Հեզբոլա»-ի ողջ մնացած ղեկավարները, սակայն, պնդում են՝ չնայած կազմակերպության կրած ծանր կորուստներին, այն պատրաստ է նաև իրադարձությունների վատթարագույն սցենարին՝ թշնամու ներխուժմանը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած հարձակման։ Եթե իսրայելցիները որոշեն ցամաքային հարձակում իրականացնել, դիմադրության ուժերը մարտի կբռնվեն նրանց հետ», - այսօր հեռարձակված ուղերձում հայտարարում էր «Հեզբոլա»-ի ղեկավարի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմը՝ հավելելով, նաև, որ կազմակերպությունը մոտ ապագայում նոր գլխավոր քարտուղար կընտրի։

Արևմտյան և արաբական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն անցած շաբաթավերջին զոհված Հասան Նասրալլայի ամենահավանական փոխարինողը կարող է դառնալ «Հեզբոլա»-ի գործադիր մարմնի ղեկավար, զոհված առաջնորդի ազգական Հաշեմ Սեֆիադինը։ Նա, ըստ Reuters-ի, վերջին տարիներին հիմնականում զբաղվում էր «Հեզբոլա»-ի քաղաքական թևի գործունեության համակարգմամբ։ Սեֆիադինը բավական սերտ կապեր ունի նաև Իրանի հետ։ Նրա որդին ամուսնացած է 2020 թվականին Բաղդադում զոհված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի դստեր հետ։

XS
SM
MD
LG