Իսրայելը հայտնում է «Հեզբոլա» զինյալ խմբավորման ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի՝ Նաբիլ Կաուկի սպանվելու մասին։ Նա կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավարի տեղակալն է։
«Հեզբոլա»-ն և՛ զինված խմբավորում է, և՛ քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի շիաների մեծամասնությամբ շրջանների մեծ մասը:
Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը շարունակել է հարվածներ հասցնել խմբավորման թիրախներին։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ խոցվել են «տասնյակ» թիրախներ, այդ թվում՝ հրթիռային կայաններ և զինամթերքի պահեստներ։
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհեր կան, նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Առնվազն ութ հրթիռ էլ արձակվել է Լիբանանից։ Տուժածների մասին չի հաղորդվում։
Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը միայն նրա զինված թևն է ներառել սև ցուցակում: Կուսակցությունը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։
- Խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված իսրայելական ծանր հարվածների հետևանքով։
- «Հեզբոլա»-ն հայտարարել է, թե Նասրալլայի կորստից հետո էլ Իսրայելի դեմ պայքարը կանգ չի առնի։