Արցախի նախկին նախարար, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը արցախահայերի վերադարձի իրական հնարավորություն չի տեսնում, բայց գտնում է, որ «կոլեկտիվ վերադարձի իրավունքի ֆիքսումը տարբեր միջազգային փաստաթղթերում, տարբեր հայտարարություններում պետք է տեղի ունենա»։ Այդ ուղղությամբ պաշտոնական Երևանը պետք է աշխատանք տանի, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց նա։
«Ես ուրախ եմ, որ տարբեր երկրներից նման ձայներ հնչում են. վերջերս ԱՄՆ փոխնախագահը, նախագահի թեկնածուն դրա մասին խոսեց, և ես կուզեմ, որ այդպիսի հայտարարությունները շատ լինեն։ Դա պետք է մեր գզրոցներում լինի ապագայի համար, որովհետև տարածաշրջանը արագ է փոխվում, արագ է զարգանում, և տարբեր շահեր տարբեր ձև են դասավորվում», - ասում է Հայկ Խանումյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ընդունում են՝ Արցախի հայերի վերադարձի հարցով որևէ իրատեսական ծրագիր չունեն: Իր վերջին ասուլիսում վարչապետը դա անիրատեսական էր համարել։ Հարցն ընդգրկված չէ նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծում, որն, ըստ իշխանականների, վերաբերում է միայն Երևանի ու Բաքվի հարաբերություններին։
Հարցին, թե հարցը պե՞տք է ներառվի խաղաղության պայմանագրում, Հայկ Խանումյանը պատասխանեց. - «Առանց դրա խաղաղություն չի լինելու։ Ինչպե՞ս կարելի է ցեղասպանություն անես, հետևանքները չվերացված խաղաղությո՞ւն հաստատվի։ Դա լինելու է նվաստացում, ստորացում, ոչ խաղաղություն։ <>
Ես կարծում եմ, որ նմանատիպ հարցերը եթե լուծում չեն ստանում, ուրեմն լուրջ ական են տարածաշրջանային խաղաղության համար, և այն տերությունները, ուժերը, որոնք տարածաշրջանը դիտում են որպես մեկ ինտեգրացիոն միավոր, հնարավորինս մեղմ լուծումներ պիտի գտնեն, որպեսզի ազգերը, ժողովուրդներից ոչ մեկը ստորացված, նվաստացված իրեն չզգա»։
Չորս տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց:
Հայկ Խանումյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.