Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն չկա. Երևանն առաջարկում է ստորագրել, Բաքուն՝ մերժում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովին, 18-ը սեպտեմբերի, 2024թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովին, 18-ը սեպտեմբերի, 2024թ․

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ շարունակում են տրամագծորեն տարբեր տեսակետներ հնչեցնել:

Ադրբեջանն անընդունելի է համարում և կտրուկ մերժում համաձայնեցված 13 և մասնակի համաձայնեցված 3 հոդվածներով փաստաթուղթ ստորագրելու Երևանի առաջարկը, Հայաստանի վարչապետն այն կրկին պնդում է: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև փակագծեր բացեց՝ նախագծում մեկ չհամաձայնեցված հոդվածը ամիսներ առաջ Բաքուն է առաջարկել, բայց հոդվածի բովանդակությունը չգաղտնազերծեց:

«Հնչում է հայտարարություն, որ մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, իսկ քանի՞ հոդված պիտի լինի այդ պայմանագրում։ Ես մի օրինակ բերեմ, օրինակ՝ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որն ընդամենը ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել», - ասաց նա։

Բաքվից երեկ հերթական անգամ Փաշինյանի առաջարկը մերժեցին: Ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրեց Հայաստանի բանակցողներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ «հակասական հայտարարություններ» անելու համար։

«Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն»,- նշել է Այխան Հաջիզադեն:

Վարչապետ Փաշինյանն այդ մեղադրանքներին այսօր չարձագանքեց, բայց զարմացած էր ինչպես Բաքվի դիրքորոշումից, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտից հնչող հայտարարություններից, թե պայմանագրի ստորագրման համար պետք է բոլոր հոդվածները համաձայնեցվեն, թեև մինչ հայկական կողմի այս առաջարկը հենց իր թիմակիցներն էին պարբերաբար կարևորում բոլոր հոդվածների համաձայնեցումը։

«Մեծ հաշվով վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, այսինքն՝ երբ մենք ասում ենք համաձայնեցված՝ ենթադրելով, որ կշարունակենք և մնացած մասն էլ կհամաձայնեցնենք», - ավելի վաղ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Խաղաղության պայմանագիրն ունի 17 հոդված: Վարչապետ Փաշինյանն այսօր նշում էր՝ եթե անգամ բոլոր այս կետերը համաձայնեցվեն, երաշխիք չկա, որ հաջորդ օրը կողմերից մեկը նախագծում մեկ այլ հոդված ներառելու առաջարկ չի անի: Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝ արդեն համաձայնեցված հոդվածներով փաստաթղթի ստորագրումը հետագայում կհեշտացնի նաև չհամաձայնեցվածների հարցում հաջողության հասնելու հնարավորությունը:

«Ոչ մի տեղ չկա գրած, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17, 15 կամ 14։ Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը։ Դա ստորագրելուց հետո այդ հոդվածների քննարկման մթնոլորտը, միջավայրը, ամեն ինչը կփոխվի, և եթե առանց խաղաղության պայմանագրի այդ հոդվածները դժվար է համաձայնեցնել, խաղաղության սկզբունքները որոշելուց հետո հաստատ ավելի հեշտ կլինի համաձայնեցնել», - նկատեց նա։

«Խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ». վարչապետ

Պայմանագրի բովանդակությունը չի գաղտնազերծվում, ամեն դեպքում առանցքային հարցերից մեկը՝ ապաշրջափակման հարցը, փոխադարձ համաձայնությամբ հանվել է բանակցվող փաստաթղթից, իշխանությունից արդեն իսկ նշել են՝ դրանում չկա արցախահայերի վերադարձի մասին հոդված, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման վերաբերյալ ևս առանձին կետ չկա, փաստաթղթում արտացոլված չէ նաև հայ գերիների վերադարձի հարցը: Այս վերջինը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, կլուծվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

«Արդյոք խաղաղության պայմանագրի մեջ դրա հիշատակումն է, որ պետք է լուծի այդ հարցը, իմ կարծիքով, խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից դա բառացի գրված է, թե ոչ, որովհետև խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ», - ասաց նա։

Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ. Փաշինյան

Եվ մինչև հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև փաստաթղթի ստորագրման շուրջ տարաձայնությունները պահպանվում են, Բաքուն շարունակում է հիշեցնել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Այսօր օտարերկրյա դիվանագետների հետ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին պնդել է՝ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով պետք է փոխվի:

«Հայ ժողովուրդը պետք է վերջ տա Ղարաբաղի և Հայաստանի միացման իր ուտոպիստական հավակնություններին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղության մեջ ապրելու իր ցանկությունը», - շեշտել է նա։

Վարչապետ Փաշինյանն այսօր հակադարձել է՝ թեև Հայաստանի մայր օրենքի նախաբանում հղում արվում է Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, բայց չի նշանակում, որ դա արտահայտված է Սահմանադրության մեջ. - «Սահմանադրության մեջ արտահայտվել է Անկախության հռչակագրի այն բովանդակությունը, որը բառացի և տառացի արտահայտված է, և ընդհակառակը՝ երբ մենք նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությունը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ»։

Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ սա խնդիր չէ, քանի որ ստորագրված և վավերացված համաձայնագիրը գերակա է լինելու ներքին օրենսդրության նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG