Նյու Յորքում այսօր ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։
Հանդիպումից հետո տարածած հաղորդագրությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:
Նույնպիսի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Սրանք հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ բանակցություններն են արդեն համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի առաջարկից հետո, որն Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է հետևողականորեն մերժում է։
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ենթադրում է՝ հանդիպման օրակարգում միանշանակ պետք է լինի Հայաստանի վերջին առաջարկը։
«Մեր ակնկալիքը շարունակում է մնալ այն, որ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով և հոդվածների համաձայնեցված մասերով կստորագրվի խաղաղության պայմանագիրը, և մեր մոտեցումն այն է, որ Ադրբեջանը եթե դրսևորի բավականաչափ քաղաքական կամք, ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի, և խաղաղության հարցը տարածաշրջանում կլուծվի: Ու բնականաբար ակնկալիքները կարող են լինել, որ հանդիպումը դրական կազդի ընդհանուր գործընթացի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
«Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար», - երեկ հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի հետ համաձայնության գալու կոնկրետ ժամկետ նշեց՝ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը՝ COP-29-ը նոյեմբերի 11-ին է մեկնարկում։
Ադրբեջանը Հայաստանի վարչապետի նախօրեի այս հայտարարությանը չի պատասխանել, բայց ավելի վաղ ՄԱԿ-ի շրջանակներում անցկացված մեկ այլ հանդիպման ընթացքում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ էր արել Երևանին քաղաքական կամք ու պատասխանատվություն դրսևորել ու «արագ գործողություններ ձեռնարկել մնացյալ խոչընդոտները հաղթահարելու համար»։
Նույն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում երկկողմ հանդիպումներ անցկացնող Բայրամովն իրանցի պաշտոնակցի հետ զրույցում խաղաղության վերջնական համաձայնություն կնքելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Հայաստանի քաղաքական և իրավական մի շարք փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումների պահպանումն էր համարել։
Հայաստանյան ընդդիմությունը դրական ակնկալիքներ չունի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծում է՝ երբ պայմանավորվածությունները մեկ փաստաթղթով ձեռք չեն բերվում, շահում է Ադրբեջանը, որի ախորժակը միայն աճելու է:
«Կործանարար քաղաքականության փլատակների տակ ենք մենք մնացել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գալստյանը:
Ընդդիմադիր պատգամավորին չի բավարարել նաև ՄԱԿ-ի վեհաժողովի ամբիոնից Փաշինյանի ելույթը՝ «աքցանի մեջ գտնվող երկրի առաջնորդի ելույթը չէր արտացոլում Հայաստանի մարտահրավերները», - կարծում է նա։
«Երբ որ Հայաստանի Հանրապետության 205 քառակուսի կիլոմետր տարածքը օկուպացված է ադրբեջանական զորամիավորումների կողմից, այն իրականության մեջ, երբ որ Բաքվի բանտերում ունենք գերիներ, երբ որ մենք ունենք Արցախից 120 հազար ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը և նրանց հումանիտար խնդիրները Հայաստանում, աշխարհի կարևորագույն քաղաքական ամբիոններից մեկում՝ ՄԱԿ-ի գագաթաժողովում, Հայաստանը ներկայացնող անձը պոզիտիվության մասին է խոսքում, դա չի կարող քաղաքական և մարդկային, քաղաքակրթական դիսոնանս չառաջացնել», - ասաց Գալստյանը:
Այս ընթացքում ՄԱԿ-ի ասամբլեայի աշխատանքներին մասնակցող հայաստացի բարձրաստիճանները՝ վարչապետ, արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղին վերաբերող մեկ՝ տեղում մշակութային ժառանգության պահպանման հարց են բարձրացրել։
«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար», - հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Մինչ պաշտոնյաները Նյու Յորքում տարբեր քննարկումների ամբիոններից ելույթներ են ունենում, ԱՄՆ առաջին տիկինը հանդիպման է հրավիրել մյուս առաջնորդների կանանց։ Վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն էլ էր տեսանյութ տարածել ընդունելությունից, նա Նյու Յորքում նաև Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ է շփվել։