Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ կողմերը շարունակում են մեղադրանքներ փոխանակել. վարչապետը պնդում է՝ չի հրաժարվում 9-րդ կետից


Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել այդ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Ընդ որում՝ վերջին մեկ ամսում Մոսկվան և Բաքուն այդ հարցով Երևանին քննադատում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտեց՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել ու երաշխավորել անվտանգությունը ինչպես գրված է 9-րդ կետում, պատրաստ է կազմակերպել հաղորդակցությունը, ինչպես գրված է 9-րդ կետում», - ասել է վարչապետը:

Եռակողմ հայտարարության 9-րդ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:

Եթե այս պայմանավորվածությունների կատարման հարցում Փաշինյանի դիրքորոշումը հստակ է, ապա նույն կետի հաջորդ նախադասության շուրջ, որը վերաբերում տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ ռուս սահմանապահների վերահսկողությանը, վարչապետը տեսակետը չբացահայտեց, միայն ընդգծեց. - «Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն, չկա տենց բան գրած, որովհետև եթե նույնիսկ նկատի է առնվում Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը, էդ ռուս սահմանապահների ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարցն է. այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարա որոշի, որ ներկա չեն», - ընդգծել է Փաշինյանը:

Մոտ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանի թիմակից Արման Եղոյանը նշում էր, թե ապաշրջափակումից հետո ռուսներն ամեն դեպքում լինելու են տեղում, հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն էլ ասում էր՝ լայն հասկացություն է, որը կարող է ենթադրել թե՛ ուղեկցում, թե՛ դիտարկում: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն նշանակում է միայն մոնիթորինգ:

Գևորգ Պապոյանն չհստակեցրեց՝ ի վերջո որն է ռուսների գործառույթը

Գևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Գևորգ Պապոյանն այսօր չհստակեցրեց՝ ի վերջո որն է ռուսների գործառույթը:

«Այդ պրոցեսն այդ նույն փաստաթղթով գրված է, որ դրա կազմակերպողը չի կարող լինել այլ պետություն, քան Հայաստանի Հանրապետությունը», - ասաց Պապոյանը:

Հարցին՝ «իսկ, որ վերահսկողությունը պետք է Ռուսաստանի ԱԴԾ-ն իրականացնի, դա ինչ է դա իրենից ենթադրում», ՔՊ փոխնախագահը պատասխանեց. - «Դրա մասին ևս նշվեց, և այնքան ամբողջական էր պատասխանը, որ ոչինչ չունեմ ավելացնելու»:

Վարչապետ Փաշինյանի երեկվա մեկնաբանությունից հետո Բաքվից այսօր կրկին պնդեցին՝ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մասնավորապես նշեց. «Դա մեզ մոտ ափսոսանք է առաջացնում. փաստաթղթի 9-րդ կետը հստակ պարտավորություններ է նշում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի: Դրանցից մեկն էլ Իրանի տարածքով կապի անցկացումն է, այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակում է ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է»:

Տարածաշրջանային ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրի առանցքային դրույթներից մեկն էր, որի շուրջ կողմերը տևական ժամանակ է՝ բանակցում էին, սակայն անարդյունք: Վերջերս հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ այն հանել են բանակցվող փաստաթղթից: Չնայած սրան՝ վարչապետ Փաշինյանը երեկ կրկին պատրաստակամություն հայտնեց ապահովել Բաքվի համար ճանապարհ:

«Ադրբեջանը համաձայն չի, որովհետև Ադրբեջանն ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպիտի ապահովես: Ո՞նց չպիտի ես ապահովեմ, որովհետև նախ ես եմ ստորագրել և դուք էլ եք ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովի, ասում է՝ չէ, անցուդարձը դու չպիտի կազմակերպես, ո՞նց չպիտի ես կազմակերպեմ, որ դուք եք ստորագրել, որ ես պիտի կազմակերպեմ», - նշել է Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարի մեկնաբանությունները մանիպուլյացիա է որակում նաև Մոսկվան: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էր պնդել, թե հայկական կողմն անպատասխանատու է վերաբերվում ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG