Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի հայտարարության, այն էլ միայն 9-րդ կետի մի դրվագի մասին խոսելն աբսուրդ է. Աննա Գրիգորյան


«Նոյեմբերի 9-ի համատեքստը Լեռնային Ղարաբաղն էր, Լաչինի միջանցքը, ժողովրդի անվտանգությունը, հիմա Արցախն ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ազատություն». - Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարությունում գրվա՞ծ է, որ ռուսները պիտի հսկեն ճանապարհը, թե՞ ոչ:

Գրիգորյան. - Վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, դա գրված է բառացի, դա ո՛չ ես եմ ասում, ո՛չ ես եմ ուզում: Նիկոլ Փաշինյանը բանակցել է, և այդ փաստաթուղթը ինքն է ստորագրել: Ես վստահ եմ, որ ստորագրման պահին էլ հասկանալի է, իհարկե, կոնտեքստը, իրավիճակը, պատերազմը կանգնեցնելու իմպերատիվ կար, բայց միևնույն ժամանակ ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը: Հիմա վերահսկողության բառը, իհարկե, մեկնաբանության հարց է, բայց ստորագրելիս պետք է որ հասկանար, չէ՞, ինչ է դա նշանակում: Հիմա երեկ ասում է՝ հողի վերահսկողության հո չի նշանակում հենց հողի վրա, վերահսկողությունը օդում է նշանակում, ես չգիտեմ ինչ նկատի ունի ինքը:

«Ազատություն». - Ասուլիսին բացատրել է՝ մոնիտորինգ. դա կարող է լինել Մոսկվայում էլ, ինչ-որ կենտրոնից էկրաններով մոնիտորինգ անել:

Գրիգորյան. - Ինձ համար խնդիրն այլ է. առհասարակ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին և այն էլ միայն 9-րդ կետի մի դրվագի մասին խոսելն ինքնին աբսուրդ է: Նոյեմբերի 9-ի համատեքստը Լեռնային Ղարաբաղն էր, Լաչինի միջանցքը, ժողովրդի անվտանգությունը, հիմա Արցախն ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, Լաչինի միջանցքը չկա, ժողովուրդն էլ այնտեղ չի ապրում, ինչո՞ւ եք այդ ամբողջ փաթեթից քննարկում 9-րդ կետի, էն էլ մի առանձին դրվագը: Եվ Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, ասում է, այո, ես ընդունում եմ, որը այդ ճանապարհի առանձնահատկություն գոյություն ունի, ի՞նչ առանձնահատկություն: Այդ ճանապարհի մասին առանձնահատուկ խոսվել է որպես զուգադրում Լաչինի միջանցքի հետ, հիմա Լաչինի միջանցքը չկա, էդ ճանապարհի առանձնահատկությունն ինչո՞ւմն է կայանում, ինչո՞ւ ես դու առանձին հենց դրա մասին խոսում և ոչ թե բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:

«Ազատություն». - Հայտարարությունում էլ է առանձին նշվում այդ ճանապարհը, տիկին Գրիգորյան, ասվում է՝ բոլոր ճանապարհները ապաշրջափակվեն և Ադրբեջանը կապ ունենա Նախիջևանի հետ:

Գրիգորյան. - Ես էլ հենց դա եմ ասում՝ եթե բոլոր ճանապարհներն ապաշրջափակվում են, այդ 2-րդ հատվածը, որ խոսում է Նախիջևանն Ադրբեջանին կապող երթուղու մասին, բերվել է որպես զուգահեռ Լաչինի միջանցքին: Հիմա եթե Լաչինի միջանցքը չկա, սրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Երկրորդը՝ եթե Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության համար սկզբունքային հարցն այն է, որ ռուսների վերահսկողություն այնտեղ չլինի, ապա այդ դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինքը ինչու է խոսում ինչ-որ այլ երկրի պահնորդական ծառայության ներգրավման մասին: Եթե քո խնդիրը ինքնուրույնության չզիջումն է, սուվերենության հարցի պահպանումն է, հիմա նույն տրամաբանություն է՝ ռուսների վերահսկողություն է, թե երրորդ կողմի վերահսկողություն: Ամեն դեպքում պատվիրակում ես քո ինքնուրույնությունից ինչ-որ հատված:

«Ազատություն». - Պահնորդներն ընդամենը տեխնիկական հարցեր են կազմակերպելու, դա է տարբերությունը:

Գրիգորյան. - Ուզում եմ ասել՝ հիմա քո խնդիրն ի՞նչն է, եթե սուվերենություն պահելն է, ապա պահնորդական ինչ-որ կողմին այդտեղ բերելը ևս խնդիր է: Այս համատեքստում շատ կարևոր է Իրանի դիրքորոշումը: Իրանը շատ հստակ է ասում: Բավականին նույնիսկ սրվել են հարաբերությունն այդ համատեքստում նաև Ռուսաստանի հետ, շատ հստակ դիրքորոշում է հայտնում, որ որևէ ճանապարհ էդ հատվածով չպետք է գնա և չպետք է խախտվի Հայաստան-Իրան սահմանը: Հիմա այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ կարող են նաև արևմտյան որևէ երկրի պահնորդական ծառայության ներգրավում լինել, մեղմ ասած, խնդրահարույց է:

XS
SM
MD
LG