Մատչելիության հղումներ

«Վճռական օրեր են մեր դիմաց». Բագրատ սրբազանը Փաշինյանի հեռացման համար նոր ժամկետ է սահմանել


Վարչապետի հրաժարականին հասնելու համար պայքարի ելած Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանի հեռացման համար հիմա էլ նոր ժամկետ է սահմանել՝ սեպտեմբերը:

«Սեպտեմբերին տեղի է ունենալու այն, ինչ մայիսի 9-ին հարյուր հազարավոր մարդկանց մտքերի մեջ կար», - հայտարարեց Բագրատ Գալստանյանը:

Վերջին երկու ամսում մարզային և բակային այցերով զբաղված շարժման առաջնորդը պնդում է, թե իրենք պատրաստվել են դրան, բայց մանրամասներ դարձյալ չի հայտնում:

«Մեզ համար վճռական կարևոր օրեր են մեր դիմաց: Մենք նախապատրաստվելով բոլոր առումներով առաջ ենք գնալու», - հայտարարեց Բագրատ սրբազանը:

Բարձրաստիճան հոգևորականը պայքարը սկսեց գարնանը՝ Տավուշի հատվածական սահմանազատման օրերին, նախ պնդում էր, թե իրենց պայքարը սահմանազատման քողի ներքո իրականացված գործընթացի դեմ է, սակայն քայլերթով Երևան հասնելուն պես բազմամարդ հանրահավաքին հայտարարեց՝ գլխավոր նպատակը Փաշինյանի հեռացումն է։

Ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում տեղի ունեցած բախումներից հետո, երբ ոստիկանությունը՝ հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Դրանից հետո շարժման առաջնորդը փոխեց միայն գործողությունների ձևաչափը՝ ոչ թե ակցիաներ են անցկացնում, այլ զրույցներ՝ մարդկանց հետ, բայց կրկին առանց՝ հստակության, թե ինչպես պետք է հեռացնեն իշխանությանը:

«Որպեսզի սեպտեմբերին տեղի ունենար այն, ինչ ժողովրդի մտքում էր մայիսի 9-ին, ինչպես հռչակվել է, պետք է տնային հավուր պատշաճի աշխատանք կատարվեր», - ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:

«Պետք է լինի հստակ քաղաքական հարթակ, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ում ինչով է փոխում»

Սուրենյանցը, որ շարժման աջակիցներից է, շարունակում է պնդել՝ այն չունի հստակ քաղաքական օրակարգ, իսկ այդպես հավանականությունը, որ առհասարակ որևէ քաղաքական գործընթաց հաջողությամբ կպսակվի շատ քիչ է:

«Պետք է լինի հստակ քաղաքական հարթակ, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ում ինչով է փոխում, պետք է լինի հստակ քաղաքական օրակարգ, պետք է լինի միասնական գնահատական այդ հարթակի Հայաստանի նորագույն շրջանի պատմությանը կամ նրա տարբեր փուլերին, պետք է լինի հետնիկոլական Հայաստանի տեսլական», - ընդգծեց նա:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն այս հարցերին հստակ պատասխաններ այդպես էլ պայքարի ընթացքում չի տվել: Բագրատ սրբազանին աջակցող Սուրեն Սուրենյանցն ասում է՝ ժողովուրդը 2018 թվականի դառը փորձը ունի, երբ իրավիճակը փոխել է միայն նախագահ Սերժ Սարգսյանին մերժելու հիմքով, հետո համոզվել, որ դա որակական փոփոխությունների համար բավարար պայման չէ:

«Հասարակությունը պետ է համոզված լինի այս իշխանությանը ինչքով կամ որ թիմով է փոխարինում: Որպեսզի ժողովուրդը գնա արտահերթ զարգացումների, առանց էդ էլ ժողովուրդն ապատիկ վիճակում է, որոշակի դեգրադացիա կա մեր հասարակական ընկալումներում, պետք է իսկապես քաղաքական այնպիսի պրոդուկտ առաջարկվի, որը հաղթահարի այն խոչընդոտները օբյեկտիվ և սուբյեկտիվ, ինչ այս պահին կա», - նշեց Սուրեն Սուրենյանցը:

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Մարզահամերգային համալիրից մերժել են այնտեղ հավաք անցկացնելու դիմումը. տնօրենն արձագանքում է

Որ պայքարի մեթոդները փոխվելու են, շարժման առաջնորդները խոստանում են՝ առանց փակագծեր բացելու: Հենց այդ ուղղությամբ քննարկում անցկացնելու համար էլ սեպտեմբերին նախատեսում են դահլիճային ձևաչափով հավաքվել և որոշումներ կայացնել: Սակայն ինչպես շարժման անդամներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենը մերժել է իրենց՝ այնտեղ հավաք անցկացնելու դիմումը: Պնդում է, թե գործում են վարչապետ Փաշինյանի հրահանգով:

«Տարբեր օրեր ենք ասել, 4-ին էլ ենք ուզել, 7-ին, 8-ին, ասել ենք՝ դուք օր ասեք, ամեն կերպ ուզեցել ենք գնալ կոմպրոմիսի, որ ստացվի ինչ-որ նախատեսել ենք, բայց ակնհայտ է, որ իրենց կողմից միտում կար, որ չտան տարածքը», - ասաց Դանիելյանը:

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե հրաժարվել են ընդդիմադիր շարժման հավաքի համար դահլիճ տրամադրել: Ասաց՝ պաշտոնական նամակով դիմել և օր են խնդրել, սակայն այդ օրն իրենց մոտ այլ միջոցառում է նախատեսված:

«Մենք իրենց գրել ենք, որ այդ օրը միջոցառում կա, չենք կարա էդ օրը տրամադրենք, պայմանագիր կա, ասել ենք եկեք նայենք երբ է հարմար, ուրիշ օրեր անենք», - նշեց Ղազարյանը:

Գառնիկ Դանիելյանն էլ ընդգծեց. - «Եթե իրենք պատրաստ են տրամադրել, թող օր ասեն, ասեն՝ էս օրը կտրամադրեն, բայց մեզ այլ բան են ասել»:

Մարզահամերգայինի տնօրենն ասում է՝ եթե ընդդիմությանը մերժելու նպատակ ունենային, ապա կմերժեին նաև Դաշնակցությանը, որը սեպտեմբերի 4-ին համալիրում միջոցառում է անցկացնելու: Գառնիկ Դանիելյանը հակադարձում է՝ դա նվիրված է լինելու Արցախի օրվան, այլ խորհուրդ ունի, իսկ շարժման օրակարգը իշխանության հեռացումն է:

XS
SM
MD
LG