Մատչելիության հղումներ

Առնվազն 12 մեղադրյալ ցուցարարների շարքերից, բայց ոչ մեկը՝ ոստիկաններից


Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում, 12-ը հունիսի, 2024թ.
Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում, 12-ը հունիսի, 2024թ.

Առնվազն 12 մեղադրյալ ցուցարարների, բայց ոչ մեկը՝ ոստիկաններ շարքերից։ Լուսաձայնային նռնակների կիրառմամբ ու 100 մարդու վիրավորմամբ ավարտված ընդդիմադիրների հանրահավաքից ավելի քան երեք շաբաթ է անցել։

Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ցույցի մասնակիցներին Քննչականը մեղադրում է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների, խուլիգանության համար։ Ըստ ՔԿ-ի՝ ակտիվ քննությունը շարունակվում է, մեղադրյալներից 8-ը կալանավորված են։ Այս հոդվածներով մարդկանց 4-8 տարի ազատազրկում է սպառնում։

Ինչո՞ւ որևէ նորություն չկա ոստիկանների գործողությունները քննող գործից՝ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանում է. - «Նախաքննությունը շարունակվում է անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ համապատասխան քննչական, վարույթային գործողություններ են իրականացվում, էս փուլում դեռևս բավարար ապացուցողական բազա որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ դեռևս չկա»:

Ընդդիմադիրների փաստաբան Արսեն Բաբայանը հակադարձում է՝ ի՞նչ բավարար ապացույցների մասին է խոսքը, եթե համացանցում արդեն դրանք կան:

«Եթե իրավաբանորեն հարցը դիտարկենք, ապա առնվազն տեսանյութերում բավարար, բավարարից էլ մի բան էլ ավելի բազմաթիվ ապացույցներ կան, որ կոնկրետ դեմքերը երևացող ոստիկանները կատարում են բազմաթիվ հանցավոր արարքներ՝ թե՛ ծեծի ենթարկելը տարբեր քաղաքացիների, թե՛ հատուկ միջոցներ կիրառելը», - ասաց Բաբայանը:

Փաստաբանը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է իրավապահները ոստիկանների դեմ գործ հարուցեն, եթե անձամբ վարչապետը հայտարարեց՝ նրանք օրենք չեն խախտել։

«Տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ», - ասել է վարչապետ Փաշինյանը:

Արսեն Բաբայանն ընդգծում է. - «Որովհետև մտավախություն ունեն, որ եթե մի ոստիկանի պատասխանատվության ենթարկեն, հաջորդ անհրաժեշտ ապօրինի և հանցավոր հրամանները մյուս ոստիկանները հնարավոր է չկատարեն»:

Ընդդիմադիրների փաստաբանները նկատում են՝ իրավապահներից մեծ ջանքեր չի պահանջվում ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում ուսումնասիրել համացանցի տեսագրությունները, գտնել ցուցարարներին, որոնք, օրինակ, շիշ են շպրտել և մեղադրվել խուլիգանության ու զանգվածային անկարգության համար, բայց ավելի քան երեք շաբաթ է՝ չեն կարողանում բավարար ապացույցներ հավաքել ոստիկանների գործողությունների մասով։

«Ընդամենը մի քանի ժամվա մեջ նույնականացնում են ցուցարարներին, գտնում են այն տեսանյութերը, որտեղ ընդամենը այդ քաղաքացին, ենթադրենք, շիշ է նետել ու անմիջապես գնում ձերբակալում են: Այսինքն՝ այստեղ ժամերի ընթացքում իրենք այդ ամբողջ... դեռ մի բան էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով արդյունքներ են ստանում, ամբողջությամբ իրենք կարողանում են մի քանի ժամում թվացյալ բավարար ապացույցներ հավաքել», - ասաց Բաբայանը:

Քննչականից, սակայն, հակադարձում են՝ «աշխատում ենք օրենքի սահմաններում և իրականցնում անհրաժեշտ քննչական գործողություններ»։

Հունիսի 12-ի գործով մեղադրյալներից երկուսը, այդ թվում՝ 73-ամյա Տիգրան Սարիբեկյանը տնային կալանքի տակ են։ Գոնե լավ է, որ դատարանը նրան հնարավորություն է տվել դուրս գալ գյուղական տան բակ, հողամաս՝ ասում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ձերբակալությունից ազատ արձակվելուց հետո, մինչև տնային կալանքի ենթարկվելը, հենց Քննչականի մոտ տարեց տղամարդը ցույց էր տվել նռնակից վնասված ականջն ու չնկարահանվելու պայմանով պատմել, որ շիշ է նետել անհայտ ուղղությամբ, երբ հասկացել է, որ վնասվել է լուսաձայնային նռնակից։

իրավապաշտպանն «իրավապահների ամենաթողության մեղավոր» է համարում հենց իշխանությանը

Այս քրեական գործերին հետևող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրավապահների, իր իսկ բառերով, ամենաթողության մեղավոր է համարում հենց իշխանությանը։ Եթե չլինեին ոստիկանների գործողությունները արդարացնող իշխանականների հայտարարությունները, նրա կարծիքով, մեղադրյալի աթոռին կլինեին հունիսի 12-ին 100 մարդու ոտքերով ու ձեռքերով հարվածած կամ էլ լուսաձայնային նռակներով վնասվածքներ հասցրած ոստիկանները, ինչպես նաև՝ հրաման տվողները։

«Ըստ ոստիկանական կանոնակարգերի և նույնիսկ հատուկ միջոցների կիրառման իրավական ակտերի, այդ միջոցները տվյալ պայմաններում կիրառելն արգելվում է, ընդամենը այդ արգելված միջոցների ոչ իրավաչափ կիրառման հիմքով պետք է որ քրեական գործեր հարուցված լինեին և արդեն իսկ մեղավորները ի հայտ բերված լինեին», - ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը վստահ է՝ առաջիկա միջազգային զեկույցներում Հայաստանը էլ ավելի խիստ գնահատական կստանա ոստիկանական այս գործողությունների պատճառով։

Շաբաթներ առաջ հրապարակված միջազգային մի քանի զեկույցներում քննադատություն կա ոստիկանության նախորդ տարվա գործողությունների վերաբերյալ։

XS
SM
MD
LG