Մատչելիության հղումներ

Հունիսի 12 -ի բախումների գործով 4 մեղադրյալ ազատ արձակվեց


Ընդդիմության ակցիան՝ Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկում, 12-ը հունիսի, 2024թ.
Ընդդիմության ակցիան՝ Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկում, 12-ը հունիսի, 2024թ.

Դատարանը կալանքից ազատեց հունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։

Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվեց, այս դեպքում էլ ընտրվեց վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը երեք մեղադրյալի շահեր է ներկայացնում, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատարանի որոշումն իրենց բավարարում է։

Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր: Նիստին ներկա էին մեղադրյալների աջակիցները, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր:

Դատարանի բակում էր նաև ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Անդրադառնալով քրեական գործին՝ Բագրատ Գալստանյանը պնդեց, որ այն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի:

«Սա ուղղորդված քաղաքական որոշում է, իրավական որևէ խնդիր չի լուծում, եթե որևէ կերպ ոստիկանության նկատմամբ էլ ինչ-որ բան տեղի ունենար, ես կասեի, որ իրավական է, քաղաքական որոշում չկա: Ինչպե՞ս է լինում մարդկանց դեմ կիրառելով անօրինական, օրենքից դուրս, ժամկետանց միջոցներ, բեկորային վնասվածքներով 100-ավոր մարդկանց ծեծելով, հայհոյելով, նվաստացնելով, որը ոչ մի կանոնակարգով սահմանված չի ոստիկանության, հետևաբար գոնե մի հոգի անգամ չի կանչվում հարցաքննության: Ի՞նչ է նշանակում, սա նշանակում է ուղղորդված միանշանակ ոստիկանության շահերը պաշտպանելու և քաղաքացիներին ճնշման ենթարկելու, վախեցնելու և ճնշելու իմաստ ունի», - ասաց Գալստանյանը:

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք էր առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում էր խուլիգանության հոդվածով ու 1-ը՝ զանգվածային անկարգության։ Նրանք մեղքը չեն ընդունում, շեշտում են, որ՝ այո, իրենք այդ օրը գտնվել են դեպքի վայրում, որոշներն ընդունում են, որ նետել են շշեր ու փոքրիկ առարկաներ, բայց դա եղել է ցույցի ընթացքում ինքնաբուխ գործողություն, որի արդյունքում որևէ տուժած ոստիկան չկա:

Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

XS
SM
MD
LG