Անպիտան հրթիռների գործով գլխավոր մեղադրյալ Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու որոշումը ստանալուց հետո դատախազությունը կորոշի՝ բողոքարկել այն, թե՝ ոչ։
Երեկ կայացած դատական նիստին դատախազությունը դեմ է եղել կալանքը գրավով փոխելու որոշմանը։
«Երկու տարի, 10 ամիս, 17 օր՝ 1051 օր», - հայտարարեց Տոնոյանը։
Բազմաթիվ մերժումներից հետո երեկ դատավորը գրեթե երեքամյա կալանքից Տոնոյանին ազատ արձակեց 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս գումարը Տոնոյանի հարազատներն ու ընկերները հավաքեցին մի քանի ժամում, և արդեն երեկոյան նա դուրս եկավ բանտից։
Երևան Կենտրոն քրեակատարողականի դարպասների դիմաց «Ազատության»-ն ասաց՝ շտապում է տեսնելու մորը, իրեն լավ է զգում. «Տոկուն, ուժեղ և անսասան, ոտքով տուն եմ գնում»:
Ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարիների ընթացքում Տոնոյանին ազատ արձակելու բազմաթիվ միջնորդություններ մերժած դատավորը նման քայլի գնաց։ Ինքը՝ Տոնոյանը, այստեղ քաղաքական գործոն չի տեսնում։
«Ես բոլոր քաղաքական խնդիրների վերաբերյալ հետագայում կխոսեմ։ Հիմա էս պահին եղել է դատավորի որոշումը, որը որևիցե ձևով ես քաղաքական անվանել չեմ կարող։ Կարծում եմ՝ դատարանն ուղղակի գտավ, որ արդեն նվազել է իմ ազդեցությունն, այսինքն՝ ապօրինի ազդեցության մակարդակը, դրա համար էլ որոշում կայացրեց», - նշեց Դավիթ Տոնոյանը։
Փաստաբան Անդրանիկ Մանուկյանն էլ ասաց՝ դատավորի որոշումը դեռ չեն ստացել, բայց կարող են ասել, որ իրավիճակը փոխվեց մեղադրող կողմի հրավիրած վերջին վկայի հարցաքննությունից հետո։ Թե ո՞վ է այդ վկան և ի՞նչ ցուցմունքներ է տվել, փաստաբանները չեն ասում։
«Մեղադրանքի կողմի միջնորդությամբ հրավիրվելիք այլ վկա չկա, պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա, այո, հրավիրվելիք վկաներ կան», - ասաց Մանուկյանը:
Բանտից դուրս գալուց հետո Տոնոյանը հրաժարվեց խոսել մեղադրանքից և վարչապետ Փաշինյանին ուղղված իր մեղադրանքներից։ Պաշտպանության նախկին նախարարն իր քրեական գործն անվանել էր թավշյա քաղաքական հետապնդում։
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանի մեղադրանքն առնչվում է հրթիռների գնումներին։ 2018 թվականին գնված ավելի քան 4000 հրթիռներն, ըստ իրավապահների, անպիտան են եղել ու դրանք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի օրերին։
56-ամյա Տոնոյանը մեղադրվում է պետությունից շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Այս գործով կա ևս վեց մեղադրյալ, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, զենք ներկրող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Բոլորն էլ ազատության մեջ են:
Այս տարիների ընթացքում Տոնոյանը բազմիցս է պնդել, թե բանակի համար ժամկետանց հրթիռներ չեն գնվել, ինքն էլ մեղադրանքը չի ընդունում։ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը դատարանում ներկայացրել էր Զինված ուժերի գլխավոր շտաբից ստացված մի գրություն, որի համաձայն զինված ուժերի ավիացիայի վարչությունում այս հրթիռների տեխնիկական վիճակը սահմանող իրավական ակտեր չկան:
«Այսինքն՝ մեր զինված ուժերում որևէ նորմատիվ ակտ չկա, որ կսահմանի հրթիռների տեխնիկական վիճակը։ Մինչդեռ անձանց մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ տեխնիկական վիճակին չհամապատասխանող հրթիռներ են ձեռք բերվել», - նշել էր Հովհաննիսյանը։
Նիստերից մեկում էլ փաստաբանները ներկայացրել էին հրթիռները նախագծած ինստիտուտի տրամադրած փաստաթուղթը, թե դրանք համապատասխանում են տեխնիկական նորմերին: Այս դատավարությունից շատ մանրամասներ հայտնի չեն, այն դռնփակ է անցնում պետական գաղտնիքի պատճառաբանությամբ, թեև Տոնոյանը մի քանի անգամ պահանջել է, որ այն բաց լինի լրագրողների ու հանրության համար։