Մատչելիության հղումներ

Փորձաքննություն, որով հաստատվեր, որ հրթիռներն անպիտան են, չեն անցկացրել. Տոնոյանի փաստաբան


Դավիթ Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, արխիվ
Դավիթ Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, արխիվ

Ավելի քան 4.5 մլն դոլարով անիպիտա՞ն, թե՞ պիտանի հրթիռներ էր գնել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով բանտում է արդեն 2 տարի 7 ամիս։ Ազգային անվտանգության ծառայությունը պնդեց, թե 2018-ին ավելի քան 4 հազար հատ ժամկետանց, մեկ անգամ արդեն չընդունված և հենց Պաշտպանության նախարարությունում պահեստավորված հրթիռներ է գնել ռազմական կառույցը։

«Որևէ փորձաքննություն, որով կկարողանային հաստատել, որ հրթիռներն անպիտան են, չեն անցկացրել: Անցկացրել են այնպիսի փորձաքննություն, որը դրա պատասխանը տալ չէր կարող», - «Ազատությանը» ասաց Տոնոյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Ըստ մեղադրյալների պաշտպանների, ավելի քան 2 տարի է՝ անհրաժեշտ տեխնիկական փորձաքննությունը դեռ չի անցկացվել, որ հաստատվի հրթիռների որակը։ Լուսինե Սահակյանի խոսքով՝ հրթիռների անորակ են համարվել միայն ակնադիտական ուսումնասիրությամբ։

«Եթե այդպիսի փորձաքննություն չկա, նման մեղադրանք չէր կարող ընդհանրապես լինել», - պնդեց փաստաբանը:

Ինչո՞ւ անհրաժեշտ փորձաքննությունը չի անցկացվել մինչև այս պահը, հնարավորություն չկա դատաքննությունից պարզել։ Նիստերին մասնակցել լրագրողները չեն կարող, դրանք դռնփակ են՝ պետական գաղտնիքի պատճառաբանությամբ։ Մեղադրյալները դատաքննության մեկնարկից սկսած պնդում են, որ նիստերը հրապարակային լինեն։

«Ինչո՞ւ են դռնփակ դատավարությունները ընթանում, սա էլ է հասկանալի՝ պարզ է, որ եթե հասարակությունը կարողանար այդ դատական նիստերի ընթացքին հետևեր, ապա հասարակության համար էլ պարզ կլիներ, որ քրեորեն պատժելի որևէ արարք չի կատարվել», - նշեց Լուսինե Սահակյանը:

Գլխավոր դատախազությունից չեն հստակեցնում՝ ի՞նչ փորձաքննություն է անցկացվել այս ընթացքում, ու ինչո՞ւ է մերժվել տեխնիկական փորձաքննության՝ պաշտպանական կողմի առաջարկը։ Գերատեսչությունից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ քրեական գործն ունի գաղտնիության ռեժիմ՝ այս պահին զերծ են մնում մեկնաբանություններից։ Այժմ դեռ միայն պաշտպանների վարկածն է։

«Նախաքննական մարմինը, հասկանալով այն հանգամանքը, որ եթե այդ փորձաքննությունը կատարվի, ապա կփաստվի, որ անթերի են հրթիռները, փորձաքննության կատարումից հրաժարվել է», - ասաց Լուսինե Սահակյանը:

Դավիթ Տոնոյանն ու մյուս մեղադրյալները չեն ընդունում մեղադրանքը։ Փաշինյանի կաբինետի երբեմնի անդամը դատավարությունը քաղաքական հետապնդում է համարում, ինչը իշխող թիմի ներկայացուցիչները հերքում են՝ պնդելով, թե դատական իշխանության գործերին չեն խառնվում։ Ինքը՝ Տոնոյանը, մոտ 2 շաբաթ առաջ վարչապետին առաջարկեց ժամանակ գտնել՝ միասին «զննելու» խնդրո առարկա հրթիռները. - «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»։

56-ամյա Տոնոյանն, ի դեպ, այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն է, որ կալանավորված է։ Դատարանը մերժել է նրան ազատ արձակելու բոլոր նախորդ միջնորդությունները։ Նույն գործով անցնող մեղադրյալներից, օրինակ, բանակին հրթիռներ մատակարարած Դավիթ Գալստյանն արդեն ավելի քան մեկ տարի է՝ ազատության մեջ է։ Տոնոյանի պաշտպանները հայտնում են, որ վերջին անգամ դատավորն իր որոշումը հիմնավորել է, թե նախկին նախարարը կարող է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից։ Ասում են՝ դատավորի ենթադրության պատճառը Տոնոյանի պաշտպանությանը միացած օտարերկրացի փաստաբանն է։







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG