Մատչելիության հղումներ

Ստանո. ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ


Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։

«Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները», - նշեց նա:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև, ամբողջական տարբերակը տեսանյութով՝ ավելի ուշ

«Ազատություն» - Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի մասին. կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք սա նոր համաձայնագրի նախագիծ է, և արդյոք դա առաջընթաց քայլ է դեպի անդամության թեկնածությունը: Արդյո՞ք այն փոխարինելու է CEPA-ին (Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր), թե՞ պարզապես լինելու է դրա լրացուցիչ մասը:

Պետեր Ստանո - Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգը իրականում թարմացում է, որը համաձայնեցվել է Հայաստանի հետ փետրվարին: Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ավելի հավակնոտ ենք լինելու և թարմացնելու ենք արդեն գործող համաձայնագիրը: Արդեն սկսել ենք բանակցել Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ, և սա հենց այն թարմացումն է, որը կընդլայնի ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, որովհետև գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու Եվրամիության սկզբունքներից մեկը գործընկերոջ հավակնություններին արձագանքելն է: Եթե մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանի դեպքում է, որ ավելի շատ ոլորտներում ավելին անելու, ավելի խորն ու ինտենսիվ համագործակցելու պատրաստակամություն կա, մենք արձագանքում ենք դրան:

Այսպիսով, այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները:

Եվ դա շատ կարևոր է, քանի որ սա ցույց է տալիս, որ մենք մոտենում ենք, որ մենք ցանկանում ենք ավելին անել միասին՝ հիմնվելով եվրոպական սկզբունքների և արժեքների վրա, իհարկե, և հիմնվելով քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների և փոխադարձ համագործակցության վրա:

«Ազատություն» - Բայց, արդյոք գործընկերության այս նոր օրակարգը կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել Հայաստանի անդամության թեկնածության հնարավորությանը:

Պետեր Ստանո - Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Այսպիսով, այս բանակցությունները որևէ կապ չունեն պոտենցիալ անդամակցության թեկնածության հնարավորությունների հետ, սրանք երկու տարբեր բաներ են, մենք արդեն իսկ Հայաստանի հետ ունենք CEPA-ի համաձայնագիրը, և հիմա մենք ընդլայնում ենք դրա հիմքերն ու ոլորտները, թե էլ որ ոլորտներում կարող ենք ավելի սերտ համագործակցել: Սա արտացոլում է մեր ներկայիս համագործակցությունը, որը թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը ցանկանում են ընդլայնել, սակայն կրկին շեշտեմ՝ սա որևէ կապ չունի Եվրամիության պոտենցիալ անդամության կամ թեկնածության հայտի հետ, քանի որ հիմնված է արդեն գործող, ընթացքի մեջ գտնվող հարաբերությունների վրա։

Անցած տարի հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում։ Փաշինյանի հայտարարությունից ամիսներ անց՝ այս տարվա մարտին, Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, որով կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Ապա հուլիսին վարչապետն ասաց, թե չգիտի՝ պատրաստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին որպես կառույցի լիիրավ անդամ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG