Մատչելիության հղումներ

ԵՄ ձգտող ուժերը ստորագրահավաք են նախաձեռնում՝ նաև Շոլցի ու Մակրոնի տեսնելու համար


Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Մինչ իշխանությունը Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արտախորհրդարանականների առաջարկը թողնում է անարձագանք, նրանք մտադիր են ստորագրահավաք սկսել և քաղաքացիական նախաձեռնության կարգով խորհրդարան ներկայացնել նույն հարցով օրենսդրական նախագիծ։

Եթե Հայաստանի 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, համաձայն Սահմանադրության, հարցը կմտնի Ազգային ժողովի օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն նախագիծը հանրաքվեի դնելու համար։

«Հանրաքվեի չենք դնում մենք, մենք օրենսդրական նախաձեռնություն ենք նախաձեռնում», - ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը:

Թեև իշխանությունը փաստացի մերժեց հանրաքվեի օրակարգը, Եվրամիություն ձգտող քաղաքական ուժերը չեն հուսահատվել։ Կարծում են՝ անհրաժեշտ ստորագրությունների դեպքում ականջալուր կլինեն: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ ժողովրդավարական ուժերի հարթակի անդամների հայտարարություններն են հակասական: Եթե Լուսինե Հակոբյանն այսօր խոսում էր խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու մասին, ապա Հովսեփ Խուրշուդյանն, օրինակ, կրկին հանրաքվեին անդրադարձավ. - «Դեռ հույսը չենք կտրել, որ իշխանությունը, ամեն դեպքում, կմիանա, և Ազգային ժողովում երբ որ 50 հազար ստորագրությամբ մեր հանրությունը կներկայանա և կառաջարկի էդ գործողությունը իրականացնել հանրաքվեի, իշխանությունը ականջալուր կլինի և կկազմակերպի էդ հանրաքվեն», - ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավարը:

Որ հանրաքվեի օրակարգն իրավական տեսանկյունից փակուղային է, մասնագետներն են պնդում: Սահմանադրությունն ու «Հանրաքվեի մասին» օրենքը հստակ սահմանում են, թե երբ և ինչ հարցերով է այն հնարավոր անցկացնել: Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե չի կարող լինել, քանի դեռ չկա անդամակցության վերաբերյալ միջազգային պայմանագիր: Միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, պետք է դրվի հանրաքվեի:

«Օրենքի նախագիծ է լինելու, որը նախատեսված է և՛ Սահմանադրությամբ, և՛ «Հանրաքվեի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով», - նշեց Լուսինե Հակոբյանը:

Եվրաինտեգրման ջատագովներից «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն էլ ստորագրահավաք սկսելու ի՛ր մեկնաբանությունն ունի: Արամ Սարգսյանը կարծում է՝ եթե Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցրել Օլաֆ Շոլցը և ԵՄ անդամ երկրների այլ առաջնորդներ տեսնեն, որ Հայաստանի 50 հազար քաղաքացու ցանկությունն է գնալ դեպի Եվրամիություն, ապա նրանց մոտ բան կփոխվի, Հայաստանին առավել վստահելի գործընկեր կհամարեն:

«Իսկ դուք կարծում եք, որ եթե Էմանյուել Մարկրոնին զեկուցեն, որ 50 հազար մարդ ստորագրել է ԵՄ անդամ դառնալու համար, դրանից բան չի փոխվի՞: Ես համոզված եմ, որ դրանից վստահությունը հայ ժողովրդի հանդեպ և Հայաստանի հանդեպ կփոխվի, որովհետև էդ իշխանությունները կսկսեն մտածել՝ անկախ նրանից՝ էնտեղ իշխանություն Նիկոլ Փաշինյանն է, «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, թե այլ ուժ կգա, ժողովուրդը դեպի Եվրոպա է ուղղված», - հայտարարեց Սարգսյանը:

Որտեղից այս վստահությունը՝ արտախորհրդարանական ուժի ղեկավարը չմանրամասնեց։

Դեպի Եվրամիություն գնալու ցանկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն ամիս առաջ է բարձրաձայնել, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Ամիսներ անց, սակայն, վարչապետ Փաշինյանն ընդունեց՝ այդ հարցի պատասխանը չի ստացել:

«Եվրամիությունը ուզո՞ւմ ա դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը ինչքանո՞վ ա պատրաստ. էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ էսօր՝ ոչ, չեմ կարող տալ», - հայտարարեց երկրի ղեկավարը:

Եթե Եվրամիությունն իսկապես անդամակցության պատուհան է բացել Հայաստանի համար, այդ դեպքում ինչո՞ւ է երկրի վարչապետը նման բան հայտարարում, արդյոք սա հակառակի մասի՞ն չի վկայում, որ կառույցի անդամ երկրներն այդպիսի համաձայնություն չունեն: Արամ Սարգսյանը չի համարում, որ իշխանությունը մերժեց իրենց:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մերժել ուղիղ, նա ոչ չի ասել, բայց այո էլ չի ասել: Ոչ ասել է պարոն Եղոյանը՝ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի նախագահը իր անձնական տեսակետը դրական է արտահայտել: Ես ուզում եմ ասել, որ մենք որևէ մեկի դեմ չենք կազմակերպում այս գործընթացը», - նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Օր առաջ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու կողմնակից Արամ Սարգսյանը գիտի, որ այդ ճանապարհն ընտրելու դեպքում Հայաստանի տնտեսությունը շատ լուրջ խնդիրների կբախվի, բայց դա, ըստ նրա, երկար չի տևի: Մինչ այդ էլ «Քաղաքացիական պայմանագրի» հետ Երևանի ավագանիում կոալիցիա կազմած ուժի ղեկավարը պնդում է՝ Հայաստանում տնտեսություն չկա։ Այդ դեպքում ի՞նչ է Հայաստանն առաջարկելու Եվրամիությանը:

«Մենք Եվրամիության եզրային սահմանն ենք, որտեղ այ էդ որ ասում ենք Հարավարևելյան Եվրոպա, այ էդտեղից է սկում Եվրոպան ու միշտ է էդտեղից սկսել: Մենք էդ մարմնի մի հատվածն ենք, առանց դրա, առանց էդ հատվածի Եվրոպան ամբողջական չի», - հայտարարեց Սարգսյանը:

Որ Եվրամիության տարածքը կընդլայնվի, Երևանի Եվրոպայի հրապարակում խոստացավ Եվրոպական կուսակցության առաջնորդը: Տիգրան Խզմալյանը գործընկերներից առավել վճռական էր, ասաց՝ պետք է գործել, քանի դեռ արձակուրդի շրջան է:

«Մենք հրավիրել ենք ձեզ Եվրոպայի հրապարակ կոչվող այս փոքրիկ տեղը, կհասցնենք այն առնվազն 29 հազար և ավել քառակուսի կիլոմետր», - հայտարարեց Խզմալյանը:

Այս ձևակերպումը դեռ խորհրդարանական լսումներին իշխող ուժի ներկայացուցիչ Մարիա Կարապետյանն էր համարել վտանգավոր՝ առաջարկելով Հայաստանի 29 743 կիլոմետրի ընդլայնման մասին չխոսել:

XS
SM
MD
LG