Ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը երեկ հաստատեց՝ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:
Սա խաղաղության պայմանագրի առանցքային դրույթներից մեկն էր, որի շուրջ կողմերը տևական ժամանակ է՝ բանակցում էին, սակայն անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։
«Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա», - հայտարարում է Հայաստանի ԱԳՆ-ը:
Արտգործնախարարությունը սա հաստատեց միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատության»-ը տված հարցազրույցում գաղտնազերծեց համաձայնությունը՝ նշելով, թե կողմերն այդպես խաղաղության պայմանագրի խնդրահարույց հարցերից մեկը լուծելու փոխադարձ ընդունելի տարբերակ են գտել:
Այժմ արդեն, ըստ Բաքվի, պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխությունն է:
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների հարցը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում: Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար», - ասել է Ամիրբեկովը:
Ճանապարհների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն սկսեցին քննարկել 44-օրյա պատերազմից հետո: Սկզբնական շրջանում բանակցությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում էին, հետագայում, սակայն, Երևանը ենթակառուցվածքների ապաշրջափակման սեփական ծրագիրն առաջարկեց՝ այն անվանելով նախ հայկական խաչմերուկ, իսկ վերջին մեկ տարում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Բաքուն, սակայն, Երևանի այս նախագծի վերաբերյալ որևէ հրապարակային դիրքորոշում չի հայտնել, փոխարենն առաջ է մղել ենթակառուցվածքների ապաշրջափակման իր տեսլականը՝ անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2021 թվականին պնդում էր, որ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունն առաջ է մղում մի նպատակով՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը բանակցությունների օրակարգից հանելու համար:
«Միջանցքային տրամաբանությունը, նախկինում էլ ասել եմ, իմ կարծիքով՝ Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման հանել օրակարգից», - նշել է Փաշինյանը:
Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ սա «Հայաստանի հերթական պարտությունն էր»
Այժմ, երբ արդեն պարզ է, որ խաղաղության պայմանագրով տարածաշրջանային ապաշրջափակման հարցը չի լուծվի, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը սա գնահատում է Երևանի ձախողում և Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաղթանակ:
Պատգամավորը հիշեցնում է՝ վերջին մեկ տարում Բաքուն է պարբերաբար շեշտել, թե պարտադիր չէ, որ խաղաղության պայմանագրով բոլոր հարցերին լուծում տրվի: Նաև այդպես ադրբեջանական կողմը հասավ նրան, որ սահմանազատումը տեղի ունենա առանց խաղաղության պայմանագրի ստորագրման:
«Ադրբեջանն իր համար տեղ է թողնում, որպեսզի ցանկացած անհամաձայնություն վերածի նոր պատերազմի: Հայաստանն ընդհակառակը՝ պետք է փորձեր բոլոր հարցերը կարգավորել, որպեսզի Ադրբեջանին մանևրելու և նոր պատերազմ սկսելու հնարավորություն չտար: Դրա համար եմ ասում, սա Հայաստանի հերթական պարտությունն էր», - հայտարարեց Խաչատրյանը:
Եթե նույնիսկ Երևանն ու Բաքուն այժմ համաձայնել են ապաշրջափակման հարցը թողնել հետագային, միևնունն է, Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Ադրբեջանը միջանցքի օրակարգից չի հրաժարվի: Հակառակը՝ այն կօգտագործի Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար:
«Փաշինյանն էլ կգնա այդ զիջումներին: Կգնա, որովհետև Փաշինյանին պետք է, որ մի հատ թղթի կտոր լինի, որի վրա գրված լինի խաղաղության պայմանագիր, որպեսզի ինքը կարողանա ցույց տա՝ տեսեք, ես խաղաղություն էի խոստանում, խաղաղություն բերեցի: Դա հերթական հզոր ականն է, որը տեղադրեցին Հայաստանի Հանրապետության, հայկական պետականության տակ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հայաստանցի բանակցողները մինչ այս հայտարարում էին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը իրատեսական կլինի, եթե փաստաթղթում ամրագրվի երեք սկզբունք՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ մակերեսով, բացեն տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և կոնկրետ քարտեզով սահմանազատում իրականացնեն:
Ըստ էության առանցքային այս դրույթներից պայմանագրի նախագծում մնաց տարածքային ամբողջականության ճանաչման հարցը: Իսկ առավել հստակ՝ այս հարցի պատասխանն ընդդիմադիր պատգամավորներն էլ չունեն, նրանց, ինչպես Արթուր Խաչատրյանն ընդգծեց, տևական ժամանակ է՝ թույլ չեն տալիս ծանոթանալ բանակցվող փաստաթղթին: