Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը, նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը։
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն աշխատում է սևծովյան երկրների միջև ավելի խորը համագործակցության խթանման ուղղությամբ։
Հունիսի վերջին Օ’Բրայենը Բաքու այցից առաջ կարևորել էր տարածաշրջանի ապաշրջափակումը, շեշտել՝ խաղաղությունը ոչ միայն Կովկասի, այլև շատ ավելի ընդարձակ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցն է, որոնք եվրոպական շուկաներ կարող են հասնել՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետևյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- հայտարարել էր Օ’Բրայենը։