Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու համար․ Պատել


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Ե՛վ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և՛ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու ուղղությամբ, ասել է Պատելն՝ առանց որևէ ժամանակացույց հստակեցնելու։

Անցած շաբաթ Լուիս Բոնոն Հայաստանում էր։ ԱՄՆ դեսպանատունը փոխանցեց, որ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։

«Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը», - նշել էր դեսպանատունը։

Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց։ Օրերս պաշտոնական Երևանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։

Հուլիսի 10-ին կայացան Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվեց պայմանագրի կնքման ուղղությամբ առաջնթացի մասին։

Լոնդոնում այս ամիս կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն Փաշինյան-Ալիև հանդիպում այդպես էլ չկայացավ, կողմերը միմյանց մեղադրեցին հանդիման առաջարկը մերժելու համար։

Երևանը բազմիցս վերահաստատել է բարձր և բարձրագույն մակարդակով բանակցություններն ինտենսիվացնելու և մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու իր առաջարկը։ Սակայն Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG