Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահների ազդեցության ոլորտը վերջին կես դարում ընդլայնվել է


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և փոխնախագահ Քամալա Հարիս, հուլիս, 2024թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և փոխնախագահ Քամալա Հարիս, հուլիս, 2024թ.

Միշտ մեծ հետաքրքրություն կա, թե ում կառաջադրի ԱՄՆ նախագահի թեկնածուն որպես իր դաշնակից՝ փոխնախագահ, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո փոխնախագահները, որպես կանոն, դուրս են մնում հանրության ռադարից: Վերջին կես դարում, այդուհանդերձ, նրանց ազդեցությունը քաղաքականության վրա աճել է:

Հուլիսից ի վեր, երբ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ստացավ բարձրաստիճան դեմոկրատների աջակցությունը՝ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, փոխարինելով նախագահ Ջո Բայդենին, ամերիկյան լրատվամիջոցները տարբեր վարկածներ էին առաջ քաշում, թե ում կարող է նա ընտրել որպես փոխնախագահի թեկնածու:

Դրանից շաբաթներ առաջ հանրապետական Դոնալդ Թրամփը որպես փոխնախագահի թեկնածու առաջադրեց Օհայոյի 39-ամյա սենատոր Ջեյ Դի Վենսին, ով կդառնա Ամերիկայի պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ փոխնախագահը, եթե նրանց հաջողվի հաղթել ընտրություններում:

Սակայն, չնայած փոխնախագահի թեկնածուի ընտրության հետ կապված սկզբնական ոգևորությանը, փոխնախագահները պաշտոնը ստանձնելուց հետո հազվադեպ են մամուլի վերնագրերում հայտնվում, իսկ եթե հայտնվում են, ապա որպես կանոն՝ ոչ լավ առիթով:

Չնայած ԱՄՆ փոխնախագահը զբաղեցնում է երկրում երկրորդ ամենաբարձր պաշտոնը, նա պաշտոնական լայն լիազորություններ չունի: Փոխնախագահը ծառայում է որպես ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի` Սենատի նախագահ և նախագահում է դրա լիագումար նիստերը: Բայց քվեարկելու իրավունք չունի, քանի դեռ 100-հոգանոց պալատը փակուղում չի հայտնվել, ինչը Միացյալ Նահանգների պատմության մեջ պատահել է մոտ 250 անգամ:

Փոխնախագահը նաև հաստատում է Ընտրական կոլեգիայի ձայների հաշվարկը նախագահական ընտրություններից հետո: Այդ պարտականությունը պատմականորեն արարողակարգային էր մինչև 2021 թվականի հունվարի 6-ը, երբ այդ ժամանակ նախագահ Թրամփը փորձեց ճնշում գործադրել իր փոխնախագահ Մայք Փենսի վրա՝ մերժելու ընտրությունների արդյունքների արձանագրումը, ինչը վերջինս հրաժարվեց անել:

Բացի այդ, փոխնախագահները հաճախ ներկայացնում են նախագահին պաշտոնական արարողությունների ՝ համաժողովների, գագաթնաժողովների, հուղարկավորությունների ու հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

«Փոխնախագահը պաշտոնապես շատ քիչ բան է անում», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է Կարոլինայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջասթին Վոնը։ Փորձագետը միաժամանակ նկատում է, որ վերջին հիսուն տարում փոխնախագահների ազդեցության ոլորտը ընդլայնվել է․ - «Ուոլթեր Մոնդեյլը, Ալ Գորը, Ջո Բայդենը և Դիք Չեյնին «ակտիվ» փոխնախագահների օրինակներ են, ովքեր ազդել են քաղաքականության վրա»։

Եթե փոխնախագահի լիազորություններն այդքան աննշան են, ինչո՞ւ են թեկնածուները համաձայնում ստանձնել այդ պաշտոնը:
Ոմանք դա համարում են նախագահական պաշտոնի համար լավ հարթակ, ոմանք էլ, ուշ սկսելով իրենց կարիերան, սա դիտարկում են որպես Սպիտակ տանը աշխատելու վերջին հնարավորություն:
Ջորջ Բուշ ավագը, օրինակ, նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք ութ տարի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո հաղթեց 1988 թվականի նախագահական ընտրություններում:

Մյուս կողմից, փոխնախագահը կարող է միանգամից աշխարհի գերտերության ղեկավարը դառնալ, եթե Սպիտակ տան ղեկավարն անգործունակ ճանաչվի, մահանա, հրաժարական տա կամ հանցանքների համար պաշտոնանկ արվի՝ մի բան, որը վերջին 61 տարիների ընթացքում պատահել է երկու անգամ: 1963 թվականին փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պարտականությունները՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո, 1974-ին էլ փոխնախագահ Ջերալդ Ֆորդը Սպիտակ տուն մտավ, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Ուոթերգեյթի սկանդալի պատճառով։

Թոդ Փրինս

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG