Մատչելիության հղումներ

Դեմոկրատները միավորվում են Քամալա Հարիսի շուրջ


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ելույթ է ունենում Վիլմինգթոնում քարոզարշավի ժամանակ, Դելավեր նահանգ, 22-ը հուլիսի, 2024թ.
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ելույթ է ունենում Վիլմինգթոնում քարոզարշավի ժամանակ, Դելավեր նահանգ, 22-ը հուլիսի, 2024թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Ջո Բայդենի՝ քարոզարշավը լքելուց մեկ օր անց ապահովում է օգոստոսին Չիկագոյում կայանալիք դեմոկրատական համագումարի պատվիրակների մեծամասնության աջակցությունը, ինչպես նաև ռեկորդային՝ շուրջ 100 միլիոն դոլարի նվիրատվություն է հավաքում։ Associated Press գործակալության տեղեկություններով` այս պահին Հարիսի օգտին պատրաստ են քվեարկել Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակներից 2 579-ը՝ առաջադրման համար անհրաժեշտ 1 976-ի պայմաններում։

Ахios կայքի տվյալներով` ընդամենը 30 ժամում Հարիսին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների տան 186 դեմոկրատ անդամներ, 43 դեմոկրատ սենատորներ և 23 նահանգապետեր։ Ամերիկյան մամուլի գնահատմամբ` Բայդենի հեռացումը և Հարիսի փաստացի առաջադրումը նոր լիցք են հաղորդել դեմոկրատների ընտրարշավին։

«Առաջիկա 106 օրերին մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու։ Մենք պետք է թակենք մարդկանց դռները, պետք է խոսենք ընտրողների հետ և մենք պետք է հաղթենք այս ընտրություններում», - հայտարարում էր Հարիսը։

Բայդենի՝ ընտրարշավը լքելուց հետո առաջին հրապարակային ելույթների զգալի մասը Քամալա Հարիսը նվիրեց իր ապագա մրցակցի՝ Դոնալդ Թրամփի քննադատությանը։

«Դոնալդ Թրամփի նմաններին ես լավ եմ ճանաչում։ Մի մոռացեք` Դոնալդ Թրամփը վերջերս 34 տարբեր դրվագներով մեղավոր ճանաչվեց խարդախության համար։ Սակայն պետք չէ կարծել, թե այս ընտրարշավի իմաստը մեր պայքարն է ընդդեմ Դոնալդ Թրամփի։ Իրականում, իմ նախագահության նպատակը լինելու է ուժեղ միջին խավի ձևավորումը, որովհետև ուժեղ միջին խավ նշանակում է նաև ուժեղ Ամերիկա։ Եվ մենք գիտենք, որ սա այն ապագան չէ, հանուն որի պայքարում է Դոնալդ Թրամփը», - հայտարարում էր Հարիսը։

Հանրապետականները, սակայն, վստահ են՝ Թրամփի համար միևնույն է, թե ով կլինի իր մրցակիցը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում՝ Բայդե՞նը, թե՞ Հարիսը։

«Ես չեմ սիրում Բայդենին, ինձ դուր չի գալիս նրա վարած քաղաքականությունը», - Օհայո նահանգնում կազմակերպված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարում էր հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյմս Վենսը՝ պնդելով, թե ԱՄՆ 46-րդ նախագահի հանդեպ իր հակակրանքի պատճառներից մեկը այն է, որ Բայդենը «երբեք պետությունը կառավարելու ունակություններ չի ունեցել»։

«Տիկնայք և պարոնայք, դա նորմալ չէ, երբ երեքևկես տարի նախագահ է աշխատում մի մարդ, որ չունի դրա մտավոր կարողությունները։ Քամալա Հարիսը, սակայն, այս մասին ստում էր, ստում էին նաև Սենատում աշխատող իմ դեմոկրատ գործընկերները, ստում էին լրատվամիջոցները։ Յուրաքանչյուր ոք, որ տեսել էր Բայդենին, գիտեր, որ նա ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։ Նրանք, սակայն, լռում էին այդ մասին մինչև այն պահը, երբ Բայդենը քաղաքական դիակի վերածվեց։ Երկիրն ու կուսակցությունն այսպես չեն կառավարում, դա ընտրողներին հասցված վիրավորանք է», - հայտարարում էր փոխնախագահի թեկնածուն։

Նման իրավիճակում ամենից հաճախ հնչող հարցը հետևյալն է՝ արդյոք Քամալա Հարիսը կկարողանա ընտրություններից ընդամենը երեքուկես ամիս առաջ հավասարը հավասարին պայքարել Թրամփի դեմ՝ ի վերջո կանխելով նրա վերադարձը Սպիտակ տուն։ «Այս պահին գոնե այդ հեռանկարն այնքան էլ իրական չէ», - պնդում է Тhe Hill կայքը՝ վկայակոչելով վերջին օրերին անցկացված հարցումների միջինացված արդյունքները։ Դրանց համաձայն՝ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 43, իսկ Քամալա Հարիսի օգտին՝ 37 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG