Ադրբեջանում ավելի քան 1500 քաղաքացի ցանկանում է պայքարել տասնամյակներով Ալիևների գլխավորած կուսակցության կողմից վերահսկվող օրենսդիր մարմնում հայտնվելու համար, թե նրանցից քանիսն է վայելում իշխանության աջակցությունը, առայժմ հստակ չէ։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է որ սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է, առաջիկա մի քանի օրում պետք է քննվեն ընտրապայքարին մասնակցության հայտերը և հաստատվի թեկնածուների վերջնական թիվը։
Այս պահին հայտնի է, որ 7-րդ գումարման Միլի մեջլիսի տեղերի համար պայքարելու թեկնածուներ է առաջադրել ավելի քան երկու տասնյակ կուսակցություն, երկրի բոլոր 125 ընտրատեղամասերում թեկնածու է առաջադրել միայն իշխող «Յենի Ազերբայջան»-ը:
Ընդդիմադիրներից «Ռեալ» կուսակցությունը, որը Բաքվի ռազմական հաղթանակներից հետո մեղմել է քննադատությունը Ալիևի վարչակազմի հասցեին, գոհունակությամբ հայտնում է, որ առաջադրել է 13 թեկնածու, որոնց մեծ մասի մասնակցության առնչությամբ ԿԸՀ-ն առարկություններ չի ներկայացրել:
Մյուս ընդդիմադիր ուժերից՝ «Մուսավաթ»-ը, որը տևական դադարից հետո որոշել է վերսկսել իշխանության համար պայքարի փորձերը, 30 մանդատի հավակնություն է հայտնել։ Չնայած այս շրջադարձին, ընդդիմադիր ուժի ղեկավար Իսա Ղամբարը կարծում է՝ ի վերջո իշխանությունն է բաժանելու խորհրդարանի 125 տեղերը։
«Չգիտեմ, թե նրանցից քանիսին թույլ կտան առաջադրվել, բայց նրանցից շատերն ի վիճակի են հաղթել իրենց ընտրատարածքներում։ Միաժամանակ ես դժվարանում եմ ասել՝ կճանաչվի՞ այդ անձանց հաղթանակը, թե՞ ոչ։ Որովհետև, ցավոք սրտի, ոչ թե ընտրողները, այլ իշխանություններն են որոշում, թե ով պետք է նստի խորհրդարանում», - հայտարարել է Ղամբարը:
Ընդդիմության մյուս՝ առավելի կոշտ թևը՝ «Ժողովրդական ճակատը», շարունակում է բոյկոտը։ Կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին պնդում է, որ ոչինչ չի փոխվել՝ Ադրբեջանում արդար և ազատ ընտրությունների համար պայմաններն իսպառ բացակայում են, երկրի միակ անկախ դիտորդական կազմակերպության ղեկավարը՝ Անար Մամեդովը ճաղերի ետևում է, բանտարկված են տասնյակ անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր ակտիվիստներ, և որ այս ընտրական գործընթացն էլ կուղեկցվի հայտնի խախտումներով՝ ընտրակաշառք, լցոնումներ, մրցակցային պայմանների բացակայություն:
«Մենք լավ գիտենք, որ բոյկոտի միջոցով չենք գա իշխանության: Բայց մեզ համար այսօր հարցն այն չէ, թե ինչպես ենք մենք իշխանության գալու։ Հարցն այն է միանո՞ւմ ենք իշխանության կեղծ ընտրությունների դիմակահանդեսին, թե՞ մաքուր ենք պահում մեր խիղճը», - հայտարարել է Քերիմլին:
Անկախ Ադրբեջանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններն անխտիր «ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար» գնահատած միջազգային կառույցներն այս ընտրական գործընթացին կհետևեն սահմանափակումներով:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում երկրորդ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ընտրական գործընթացներին հետևող ամենահեղինակավոր կառույցի՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդները միջանկյալ զեկույց չեն ներկայացնի, գնահատականները կհնչեցնեն միայն քվեարկության ավարտից հետո։ Դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին Բաքվում լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել հարցին, թե ում ցանկությամբ են նվազագույնի հասցվել անկախ դիտորդների ձայները: «Մենք միշտ էլ բաց ենք եղել բոլոր կազմակերպությունների հետ համագործակցության համար, և մեր դիրքորոշումը չի փոխվել։ Հետևելու ենք գործընթացին մեր մեթոդաբանության, միջազգային սկզբունքների հիման վրա», - ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԳ-ի ներկայացուցիչը։
Ադրբեջանի բոլոր խորհրդարանական ընտրություններում ավանդաբար հաղթել են հիմնականում իշխող ընտանիքին հավատարիմ քաղաքական գործիչները:
Այս ընտրապայքարը դեռ չմեկնարկած, մի խումբ թեկնածուներ հայտարարել են ինքնաբացարկի մասին՝ առանց լրացուցիչ պարզաբանումների։ Քաղաքական մեկնաբան Նասիմ Մամեդլին կասկած չունի, որ դա արվում է իշխանության ճնշման ներքո. - «Այն անձինք, ովքեր կարող էին փոքր-ինչ ակտիվություն ստեղծել ընտրատարածքներում, չգրանցվեցին որպես թեկնածուներ, կամ էլ հարկադրված ինքնաբացարկ հայտնեցին: Երկրում սոցիալական և քաղաքական մասնակցությունը փաստացի վերացվել է։ Թերևս ավելի ճիշտ կլինի ասել, որ դա արգելված է»։
Ադրբեջանի իշխանությունը խորհրդարանական ընտրությունները արտահերթ՝ երկու ամիս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորում է նոյեմբերին երկրում ՄԱԿ-ի Կլիմայական գագաթնաժողովի անցկացմամբ. հակառակ դեպքում, խորհրդարանի հերթական ընտրությունների քվեարկության օրը կհամընկներ Բաքվում համաշխարհային նշանակության միջոցառման անցկացման հետ, 6-րդ գումարման Միլի մեջլիսը լուծարելիս հայտարարում էին նախագահ Ալիևի թիմակիցները: