ԱՊՀ դիտորդները կհետևեն սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքին և քվեարկությանը։
Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշումը ԱՊՀ գործադիր կոմիտեն կայացրել է այսօր։ Նույն որոշման համաձայն, առաքելությունը ղեկավարելու է ԱՊՀ գործկոմի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքը հիմնված է լինելու թափանցիկության, չեզոքության և պետության ներքին գործերին և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքների վրա», - նշված է ԱՊՀ գործադիր կոմիտեի հայտարարության մեջ։
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ի ընտրությունները դիտարկելու հրավեր է ուղարկվել նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Թյուրքական պետությունների կազմակերպությանը, Շանհայան համագործակցության կազմակերպությանը, Իսլամական համագործակցության կազմակերպությանը, չմիացած պետությունների շարժմանը և ԳՈՒԱՄ-ի ներկայացուցիչներին։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Բաքուն հրավեր չի ուղարկել», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ խոսնակ Այխան Հաջիզադեն։