Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ընտրատեղամասերի քանակն ավելացվելու է


Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահով, արխիվ
Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահով, արխիվ

Հունիսի 28-ի դրությամբ Ադրբեջանում 6 միլիոն 334 հազար 444 ընտրող կա։

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ընտրատեղամասերի քանակն ավելացվելու է, այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը՝ ընդլայնած կազմով անցկացված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով՝ «ազատագրված տարածքներում» երեկ ևս 8 կետ է ստեղծվել, իսկ Ադրբեջանում ընդհանուր առմամբ ավելի քան 6 հազար 400 ընտրատեղամաս է բացվելու։

Միլի մեջլիսի արտահերթ ընտրություններին պատրաստվող ԿԸՀ-ի խորհրդակցությանը մասնակցել են մարզային հանձնաժողովների նախագահները, ուժային կառույցների, Ադրբեջանի նախագահի ու կառավարության ներկայացուցիչներ։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածքային-կազմակերպչական բաժնի ղեկավար Զեյնալ Նագդալիևի փոխանցմամբ՝ ընտրողների ցուցակները ճշտելու արդյունքում հաստատվել է, որ հունիսի 28-ի դրությամբ Ադրբեջանում 6 միլիոն 334 հազար 444 ընտրող կա։

Փոխոստիկանապետ Օքթայ Քերիմովն ասել է, որ ընտրությունների ժամանակ բոլոր միջոցները կձեռնարկվեն՝ կանխելու հասարակական կարգը խաթարող անօրինական ակցիաները։ Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովն էլ, իր հերթին, հայտարարել է, որ դատախազությունը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի՝ պատժելու համար ընտրական օրենսդրությունը խախտողներին։

Միլի մեջլիսի արտահերթ ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG