Ադրբեջանի խորհրդարանը հերթական անգամ արտահերթ ընտրությունների է գնում։ Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն է առաջարկել նոյեմբերին նախատեսված Միլլի մեջլիսի ընտրություններն ավելի շուտ անցկացնել:
Ինքնալուծարման մասին դիմումը օրենսդիր մարմինն այսօր կազմել և ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևին, առաջիկայում պետք է այն հաստատվի երկրի ղեկավարի կողմից, և նոր ընտրություններ նշանակվեն:
Ադրբեջանական «Թուրան» գործակալության տվյալներով՝ քվեարկությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա սեպտեմբերին:
Ալիևի գլխավորած կուսակցությունն արտահերթի գնալու անհրաժեշտությունը պայմանավորում է նոյեմբերին երկրում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացմամբ։ Հաղորդվում է, որ նախատեսված քվեարկության օրը կհամընկներ Բաքվում համաշխարհային նշանակության միջոցառման անցկացմանը։
«Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները՝ Միլլի մեջլիսի մեծությամբ առաջին ուժը, մեծ նշանակություն են տալիս ինչպես խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հեղինակավոր միջազգային միջոցառումներին, հետևաբար՝ կոչ են անում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Իշխող մեծամասնության ներկայացուցիչ Թահիր Ռզաևը, ինչպես նաև նրա այլ կուսակիցներ այսօր Միլլի մեջլիսի նիստին հավաստիացնում էին, որ իշխանության նպատակը մեկն է՝ երկու կարևոր իրադարձությունները հավուր պատշաճի անցկացնել։ Ընդդիմադիրները, սակայն, թերահավատ են հատկապես ներքաղաքական միջոցառման վերաբերյալ հավաստիացումների հարցում:
Վերջին տարիներին Ադրբեջանում անցկացվող թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերի ներկայացուցիչները կասկածներ ունեն, որ այս ընտրական գործընթացն էլ կուղեկցվի հայտնի խախտումներով՝ ընտրակաշառք, լցոնումներ, մրցակցային պայմանների բացակայություն։ Ադրբեջանի նորանկախ պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններն անխտիր միջազգային կառույցները գնահատել են «ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար, չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին»։ Այս ընտրություններն էլ բացառություն չեն լինի, համոզված է «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին:
«Այստեղ հատուկ վերլուծություն կատարելու կարիք չկա։ Սա ընտրությունները կեղծելու հերթական փորձն է։ Սա հակաժողովրդավարական քաղաքականության շարունակությունն է», - ասել է Հազին:
«Ժողովրդական ճակատն» առայժմ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ վերջին տարիների ավանդույթի համաձայն բոյկոտելու է դրանք։ Քաղաքական ուժի ղեկավարը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում պնդում է՝ ընտրություններին չմասնակցելու պատճառները ոչ միայն չեն վերացել, այլև իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել երկրում:
«Չկա ազատություն և մրցակցային միջավայր, իսկ ընտրություններին մոնիթորինգ իրականացնող փաստացի միակ անկախ կազմակերպության ղեկավարը՝ Անար Մամեդլին բանտում է», - ասում է Հազին:
Ընդդիմադիր մյուս առաջատար ուժի՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջիլիի խոսքով՝ արտահերթի գնալու որոշումն անսպասելի չէր։ Ըստ քաղաքական գործչի՝ Ալիևի թիմը հայտնի մարտավարությունն է կիրառում՝ զրկում է քաղաքական հակառակորդներին նախընտրական արշավին պատրաստվելու հնարավորությունից ոչ միայն սեփական հաղթանակը երաշխավորելու, այլ նաև հավելյալ խնդիրներից ու աղմուկից իրենց ապահովագրելու համար։
«Ընտրությունների նախօրեին մենք պահանջել ենք քաղբանտարկյալների ազատ արձակում, հավաքների ազատության ապահովում։ Ցավոք, այս արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կնշանակվեն առանց այդ պահանջները կատարվելու», - ընդգծում է Հաջիլին:
Ադրբեջանում վերջին տարիներին համապետական ընտրությունները վաղաժամ են անցկացվել։ Քսան տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի հերթական վերընտրությունը նախատեսվածից մի քանի ամիս շուտ անցկացվեց, ինչպես հայտարարել է՝ նոր իրողություններով պայմանավորված։ Նա նկատի ուներ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, ինչի շնորհիվ երկրի պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի նախագահ են ընտրել նաև Ղարաբաղում։
Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ևս ընտրվել էր վաղաժամ:
Միլլի մեջլիսի նախորդ 125-հոգանոց կազմը ցրելու և արտահերթ ընտրություն կազմակերպելու որոշումը 2020 թվականին Ալիևի վարչակազմը բացատրում էր իշխանության բարեփոխումներին համահունչ քայլելու, օրենսդիրների կազմը թարմացնելու անհրաժեշտությամբ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հավաստիացնում էին, թե նպատակ ունեն անցնցում սերնդափոխություն իրականացնել, խորհրդարանի դռները բացել երիտասարդ, Արևմուտքում կրթություն ստացած գործիչների համար, թեև խորհրդարան վերադարձավ գրեթե նույն կազմը՝ վերընտրվել էին անգամ ամենատարեց օրենսդիրները՝ այն ժամանակ արդեն 79 տարեկան Զիյադ Սամադզադեն, 81-ամյա Ֆաթահ Հեյդարովը, 72-ամյա Աղլիման Ամիրասլանովը: Միակ էական բացառությունն ընդդիմադիր գործիչ Էրքին Գադիրլիի ներկայությունն է, ընդ որում՝ REAL կուսակցության թեկնածուն ինքն է խոստովանել, որ իշխանությունները հատուկ չեն խանգարել իր քարոզարշավին և դիտավորյալ թույլ թեկնածու են առաջադրել իր ընտրատեղամասում։