Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջից
Լոնդոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տապալված բանակցություներից հետո Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին։
Ընդ որում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահը մանրամասնել է, թե կոնկրետ որ դրույթն են պահանջում հեռացնել Հայաստանի մայր օրենքից։
«Ադրբեջանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի որքան հնարավոր է արագ, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք նախատեսում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը Հայաստանին։ Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի Սահմանադրությամբ», - ասել է նա։
Դա ևս խորամանկ քայլ է՝ ամբողջ պրոցեսը ձգձգելու համար. Ձյունիկ Աղաջանյան
Սահմանադրության փոփոխության հարցը պարբերաբար օրակարգ բերելով՝ Ադրբեջանի նախագահը փորձում է խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ լավ հասկանալով, որ դա մեկ օրվա կամ կառավարության որոշմամբ լուծվող հարց չէ, համոզված է շուրջ 30 տարվա փորձառություն ունեցող դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը։
«Այսինքն՝ դա ևս խորամանկ քայլ է՝ ամբողջ պրոցեսը ձգձգելու համար, և եթե ընդհանրապես մենք խոսելու լինենք սահմանադրական որևէ փոփոխության մասին, ապա առաջինը հենց Ադրբեջանը պիտի իր Սահմանադրությունը փոխի, որովհետև իր Սահմանադրությամբ նա իրեն իրավահաջորդ է հռչակել առաջին հանրապետությանը, որը հավակնություններ ունի Հայաստան պետության և այլ երկրների տարածքների վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Պաշտոնաթող դեսպանի կարծիքով՝ Բաքուն միտունավոր ձգձգում է խաղաղության գործընթացը՝ այդ կերպ խուսափելով միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից։ Նույնն, ըստ Աղաջանյանի, Ադրբեջանն արեց երեկ Լոնդոնում։
Երևանն ու Բաքուն երեկ միմյանց մեղադրեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով բանակցություններից հրաժարվելու համար։ Ընդ որում, Հայաստանի ԱԳՆ-ն խոսում էր Երևանի առաջարկով երկկողմ հանդիպման, իսկ Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ եռակողմ հանդիպում առաջարկելու մասին։
«Լոնդոնյան հանդիպումը չէր կայանալու, բնականաբար ադրբեջանական կողմը {տապալեց}։ Ադրբեջանական կողմը փաստացիորեն փորձում է տարատեսակ միջնորդներ պարբերաբար ներմուծելով ինչ-որ ժամանակ շահել», - ասաց Աղաջանյանը՝ շարունակելով, - «Բրիտանիան չի կարող միջնորդ լինել, Բրիտանիան ամբողջովին ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերն սպասարկող երկիր է։ Ինքը չի կարող որևէ լծակ օգտագործել՝ ադրբեջանական կողմին ստիպելու, որպեսզի իր կատարելիք քայլերն իրականացնի, այսինքն՝ դա լինելու էր հերթական զիջումը ադրբեջանական կողմին առանց որևէ էական, հնարավոր առաջխաղացման քայլի»։
Պաշտոնաթող դիվանագետի ենթադրությամբ՝ Լոնդոնի եռակողմ հանդիպման օրակարգում թերևս եղել են այնպիսի հարցեր, օրինակ, Սյունիքով միջանցքի խնդիրը, անկլավների հարցը, որոնց քննարկմանը Հայաստանը չի ցանկացել մասնակցել, այն էլ Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ։
«Ես ենթադրում եմ «Զանգեզուրի միջանցքը», Տիգրանաշենը։ Հայկական կողմը տվյալ պարագայում, տեսնելով, թե արդեն հայաստանյան տարածքների հանձնումն ինչպիսի ըմբոստություն առաջացրեց հանրության մեջ, որն իրականում չի մարել, ուղղակի այս պահին որոշակի հանդարտ ռեժիմի մեջ է մտել, և շատ լավ հասկանալով, որ դրա հերթական բռնկմանը մի կայծ է պակասում, բնականաբար չի ցանկանում սեփական իշխանությունը ռիսկի դնել՝ լավ հասկանալով, որ այս նույն արևմտյան գործընկերները որևէ լծակ չունեն՝ պաշտպանելու և աջակցելու հայկական կողմին՝ ի հակառակ ադրբեջանա-թուրքական կողմին», - նկատեց նա։
Ալիևի Շոլցի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Ի դեպ, երեկ Ադրբեջանի նախագահը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանը քննարկել է սահմանազատման գործընթացը, ասելով, թե հաջողություններ են արձանագրվել սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Մասնավորապես, Ալիևը տեղեկացրել է սահմանազատմանն գործընթացին առնչվող փաստաթղթերի համաձայնեցման մասին և հավելել, որ աշխատանքները շարունակվելու են այդ ուղղությամբ։
Տավուշի հատվածում 4 գյուղեր Ադրբեջանին վերադարձնելուց հետո Երևանին և Բաքվին այդպես էլ չհաջողվեց սահմանված ժամկետում՝ հուլիսի 1 -ին, համաձայնեցնել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը։ Թե որն է պատճառը, ո՛չ Երևանը և ո՛չ էլ Բաքուն չեն մանրամասնում։