Մատչելիության հղումներ

Բայրամովը վերստին պնդել է՝ Հայաստանի Սահմանադրությունն է հայ-ադրբեջանական կարգավորման խոչընդոտը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Չնայած Բաքվի և Երևանի միջև բանակցություններում զգալի առաջընթացին, խաղաղ գործընթացում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն են, որոնք պահպանվում են Հայաստանի սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում», - այսօր Լոնդոնում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի Դեյվիդ Լեմմիի հետ հանդիպմանը։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Բայրամովն այսօր երախտագիտություն է հայտնել «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Թագավորության վարչապետի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանն ուղղված ջանքերի համար»:

Լոնդոնում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական կողմն այսօր պնդել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը, Հայաստանի արտգործնախարարությունն էլ հակադարձել է՝ ադրբեջանական կողմն է մերժել երկկողմ հանդիպում ունենալու Երևանի առաջարկը՝ նշելով՝ «հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»։ Ավելին՝ Երևանը վերահաստատել է բարձր և բարձրագույն մակարդակով բանակցություններն ինտենսիվացնելու և մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու իր առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG