Մատչելիության հղումներ

Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, իսկ Թրամփի առաջադրման հանրապետականների համագումարն այսօր ավարտվում է


ԱՄՆ-ի նախագահ, առաջիկա ընտրություններում դեմոկրատների նախագահի թեկնածու 81-ամյա Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Նա ընդհատել է նախընտրական քարոզարշավը Լաս Վեգասում, չեղարկել նախատեսված ելույթը և վերադարձել տուն։ Բայդենն արդեն 3-րդ անգամ է վարակում կորոնավիրուսով։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը չորեքշաբթի հայտնեց, որ նույն օրը Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո Բայդենը Covid-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։

«Նա մի քանի անգամ պատվաստվել է վարակի դեմ, ուստի մեղմ ախտանիշներ ունի», - նշել է նա, հայտնելով, որ նախագահը մի քանի օրով կինքնամեկուսացվի Դելավերի իր առանձնատանը, սակայն կշարունակի աշխատել։

Բայդենի բժիշկը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահը հարբուխ ունի, հազ և որոշակի ընդհանուր թուլություն։

Չորեքշաբթի երեկոյան, երբ նա Լաս Վեգասից վերադառնում էր Դելավեր, օդանավ բարձրանալուց զգույշ էր քայլում, սակայն դիմակ չէր կրում և իրենց ուղեկցող լրագրողներին ասել է, թե լավ է զգում։

Հունիսի 27-ին թեկնածուների դեբատներում Բայդենի անհաջող ելույթից հետո դեմոկրատների մոտ ավելի են աճում մտահոգությունները, որ Բայդենը չի կարող հաղթել նոյեմբերի 5-ի ընտրություններում։ Մի շարք դեմոկրատներ, այդ թվում՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ նրան հորդորել են դուրս գալ ընտրապայքարից։

Երեկ ավելի վաղ Լաս Վեգասում Բայդենը մեքսիկական ռեստորան էր մտել, ողջունել այնտեղ գտնվողներին, հարցազրույց տվել Univision իսպաներեն հեռարձակվող հեռուտաընկերությանը և անդրադառնալով դեբատներից հետո ընտրապայքարից դուրս գալու դեմոկրատական ճամբարից հնչող հորդորներին, Բայդենն ասել է, որ հեռուստաբանավեճից առաջ սարսափելի վատ գիշեր է ունեցել. - «Ես ուժասպառ էի, ճամփորդել էի աշխարհով մեկ։ Ես պատրաստ չէի ու ահավոր ելույթ ունեցա»։

Իր տարիքի հետ կապված, «երբ մարդիկ ասում են․ լավ, հիմա 81 տարեկան է, իսկ ինչ կլինի, երբ դառնա 84 տարեկան, ինչ կլինի, երբ նա դառնա 85 տարեկան», Բայդենը նշել է, թե տարիքի հետ իմաստություն է գալիս. - «Ես գիտեմ որ կա ճշմարտություն և սուտ, ես գիտեմ լավի ու վատի տարբերությունը, գիտեմ ինչ պետք է անել»։

Հանրապետականների 4-օրյա համագումարն այսօր ավարտվում է

Հակառակ ճամբարում հանրապետականների 4-օրյա համագումարն այսօր ավարտվում է, որի կուլմինացիան նախկին նախագահ 78-ամյա Դոնալդ Թրամփին նախագահի թեկնածու հռչակելն է։ Այսօր նա պաշտոնապես ընդունելու է 50 նահանգներից հանրապետական պատվիրակների առաջադրումը և առաջին անգամ ելույթ է ունենալու հուլիսի 13-ից Փենսիլվանիայում նրա վրա արձակված կրակոցից հետո։

Վիսկոնսինի նահանգի Միլուոկի քաղաքում անցկացվող համագումարում Թրամփի կողմից փոխնախագահ առաջադրված Օհայո նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսը նախօրեին պաշտոնապես ընդունեց Թրամփի առաջարկը։

«Եվ այս երեկո, պարոն նախագահ, ես կանգնած եմ այստեղ խոնարհ և երախտագիտությամբ լեցուն՝ ասելու, որ պաշտոնապես ընդունում եմ ձեր առաջարկը լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ», - նշել է Ջեյմս Դեյվիդ Վենսը:

Իր ելույթում նա խոստացել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում պայքարել աշխատավորների շահերի համար։

«Նախագահ Թրամփի տեսլականը շատ պարզ է և միաժամանակ հզոր։ Տիկնայք և պարոնայք մենք չենք սպասարկում Ուոլ սթրիթը, այլ մեզ նվիրում ենք աշխատավոր մարդուն», - հայտարարում էր Վենսը դիմելով Միչիգանի, Փենսիլվանիայի և Վիսկոնսի միջին խավին, տատանվող նահանգներում, որտեղ նոյեմբերի 5-ի քվեարկությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։

39-ամյա Վենսն ասել է, որ Վաշինգտոնում Ջո Բայդենն ավելի երկար է քաղաքականության մեջ, քան իր ապրած 39 տարիները։

«Կես դար շարունակ նա եղել է Ամերիկան ավելի թույլ և աղքատ դարձնելու քաղաքական բոլոր նախաձեռնությունների պաշտպանը: Իսկ Դոնալդ Թրամփը պատմության մեջ ստեղծել էր ամենահզոր տնտեսությունը։ Աշխատողների աշխատավարձն անցել էր տանիքից։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ կանի նա, երբ մենք նրան ևս չորս տարի տանք», - Թրամփին գովաբանում էր նրա փոխնախագահի թեկնածուն։

XS
SM
MD
LG