Մատչելիության հղումներ

Ջորջ Քլունին և դեմոկրատ կոնգրեսականները կոչ են անում Բայդենին ինքնաբացարկ հայտարարել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և աշխարհահռչակ կինոաստղ Ջորջ Քլունի, դեկտեմբեր, 2024թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և աշխարհահռչակ կինոաստղ Ջորջ Քլունի, դեկտեմբեր, 2024թ.

Նախագահ Բայդենի թիմն այսօր ևս մեկ, գուցե վերջին փորձը կձեռնարկի՝ ապացուցելու, որ նա ի վիճակի է մասնակցել նոյեմբերին կայանալիք ընտրություններին և նույնիսկ հաղթել Դոնալդ Թրամփին։ Այսօր, երբ Երևանում ուշ գիշեր կլինի, Ջոզեֆ Բայդենը մամուլի ասուլիս կհրավիրի Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների համար։

Ամերիկյան մամուլի գնահատմամբ՝ Սպիտակ տան ղեկավարն այդ ասուլիսի ընթացքում կանի հնարավորը հունիսի 27-ի դեբատներում իր անհաջող ելույթի տպավորությունը մեղմելու համար։ Բայդենն այս քայլին է դիմում Դեմոկրատական կուսակցության ներսում աճող դժգոհությունների նոր ալիքի ֆոնին։

Երեկ երեկոյան ամերիկյան MSNBC ալիքի եթերում ամենահեղինակավոր դեմոկրատ գործիչներից մեկը՝ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին ըստ էության հրաժարվեց իր անվերապահ աջակցությունը հայտնել Բայդենին՝ նշելով միայն, որ նա պետք է արագ որոշի՝ մնում է ընտրապայքարում, թե՝ ոչ։

«Ես ուզում եմ, որ նա անի այն, ինչ որոշել է։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ այժմ Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Շուրջ 30 պետությունների ղեկավարներ այստեղ են, և Բայդենը հանդես է գալիս հյուրընկալողի դերում։ Ես բոլորին ասել եմ՝ եկեք զսպվածություն ցուցաբերենք։ Ինչ էլ որ մտածեք` ասեք դա մասնավոր զրույցներում, սպասեք, մինչև տեսնենք, թե ինչ է լինում այս շաբաթ», - հայտարարում էր Փելոսին։

Դեմոկրատների մի մասը, սակայն, Փելոսիի խորհրդին հետևել չի շտապում։ Կուսակցության ամենահայտնի աջակիցներից մեկը՝ աշխարհահռչակ կինոաստղ Ջորջ Քլունին, երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Բայդենին հրաժարվել ընտրություններին մասնակցելու գաղափարից։

«Ես սիրում եմ Բայդենին, բայց մենք նոր թեկնածուի կարիք ունենք։ Այս նախագահի հետ մենք չենք կարող հաղթել նոյեմբերյան ընտրություններում», - The New York Times-ում գրել է Քլունին։

Երեկվանից նմանատիպ հայտարարություններ են սկսել հնչեցնել նաև դեմոկրատ կոնգրեսականները։ «Եթե մենք որոշել ենք քաղաքական ինքնասպանություն գործել, ապա գոնե պետք է ազնվորեն խոստովանենք դրա մասին», - CNN-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ռիչի Տորեսը։

Մեկ այլ կոնգրեսականի՝ Պատ Ռայանի համոզմամբ՝ «Թրամփը գոյաբանական վտանգ է ներկայացնում Ամերիկայի համար, և մենք պարտավոր ենք նրա դեմ պայքարում առաջադրել ամենաուժեղ թեկնածուին»։ «Իմ կարծիքով՝ Բայդենն այդ ուժեղագույն թեկնածուն չէ», - նշել է կոնգրեսականը։

Վերմոնտից ընտրված Փիթեր Վելշն էլ դարձավ առաջին դեմոկրատ սենատորը, որ ուղղակիորեն կոչ արեց Բայդենին ինքնաբացարկ հայտարարել։ «Բայդենը մեզ մի անգամ փրկեց Թրամփից, և նրան թվում է, որ կարող է դա անել ևս մեկ անգամ։ Ես, սակայն, չեմ կարծում, որ դա հնարավոր է»։

Չնայած այս կոչերին՝ Բայդենն ու նրա թիմակիցներն անդրդվելի են։ Սպիտակ տան ղեկավարը երեկ, արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, մեկ անգամ ևս հասկացրեց՝ ինքնաբացարկ չի լինելու։ Լսարանն, ի դեպ, ճիշտ էր ընտրված՝ նախագահի հետ հանդիպմանը ներկա արհմիութենական ակտիվիստների շրջանում Բայդենի հեռացման կողմնակիցներ չկային։ Դա էր պատճառը, որ ակտիվիստները շարունակ վանկարկում էին՝ «Եվս չորս տարի»։

Սպիտակ տան հանրային կապերի նախկին պատասխանատու Անտոնիո Սկարամուչիի բնորոշմամբ՝ «Դոնալդ Թրամփը դեմոկրատների շրջանում տիրող այս խառնաշփոթին հետևում է անթաքույց գոհունակությամբ»։

Նախօրեին Թրամփը հանդիպում էր Ֆլորիդայի իր աջակիցների հետ՝ կրկին քննադատելով և ծաղրելով իր քաղաքական հակառակորդներին։

«Դեմոկրատական կուսակցությունը պառակտված է, այնտեղ լիակատար անկում է և քաոս։ Եվ այդ ամենն այն պարզ պատճառով, որ դեմոկրատները չեն կարողանում որոշել, թե իրենց թեկնածուներից որ մեկն է ավելի քիչ համապատասխանում նախագահի պաշտոնին», - հեգնում էր Թրամփը` առաջարկելով անգամ իր մրցակցին նոր, արտահերթ դեբատներ անցկացնել։ Այս առաջարկը, սակայն, անպատասխան մնաց։

Թրամփի այս ինքնավստահության պատճառները հասկանալի են։ Հունիսի 27-ի բանավեճից հետո անցկացված հարցումները վկայում են՝ Բայդենի վարկանիշը սկսել է նվազել՝ հատկապես այսպես կոչված տատանվող նահանգներում։ Վաշինգտոնում գործող Cook Political Report հետազոտական կենտրոնի տվյալներով՝ խոսքը նախևառաջ Ջորջիայի, Նևադայի և Արիզոնայի մասին է, որտեղ մինչև դեբատները Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի վարկանիշները նույն մակարդակի վրա էին։ Կենտրոնի ղեկավար Էմի Ուոլթերի խոսքով, սակայն, գործող նախագահի վարկանիշի անկումը դեռ չի նշանակում, որ Թրամփի կողմնակիցների թիվը կտրուկ աճում է։

«Բայդենի համար միակ լավ լուրն այն է, որ ընտրողներից ոմանք լքում են նրան, բայց չեն անցնում Թրամփի կողմը։ Կարծում եմ, որ ընտրողների հենց այս խումբը կարող է որոշիչ դեր խաղալ», - նշում է Ուոլթերը։

XS
SM
MD
LG