Ինչո՞ւ է ոստիկանությունը գաղտնի պահում, թե հունիսի 12-ին մայրաքաղաքում ինչ տեսակի հատուկ միջոց են կիրառել և ինչո՞ւ են գործի դրել այդ միջոցները։
Ներքին գործերի նախարարությունից «Ազատության» այս հարցերին ընդդիմության ցույցը ցրելուց ավելի քան 30 օր անց պատասխանել են՝ քանի որ կա հարուցված քրեական գործ, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող, այսինքն՝ նախարարությունը չի կարող ասել, թե իրենք այդ օրը ինչ որոշմամբ, ինչ տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառեցին՝ այդ պահին արգելված «Զարյա 3», թե՞ թույլատրելի «Զարյա 2»։
Արդեն մեկ ամիս գործը քննող Քննչական կոմիտեից էլ միայն հայտնում են՝ նախաքննությունը շարունակվում է, այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չկա, չկա նաև մեղադրյալ։
«Կիրառվել են հատուկ միջոցներ, որոնց անհրաժեշտության վերաբերյալ այսքան ժամանակահատվածում որևէ կերպով պետությունը չի կարողացել հանրության հաշվետվողականությունը պահպանել և տեղեկացնել՝ ինչի համար է կիրառված նման միջոցը, ինչ միջոցներ են կիրառված, ինչու է հատկապես որոշվել, որ հենց այդ միջոցները կիրառվեն, և մենք չմոռանանք, որ մենք ունենք նաև տուժած քաղաքացիներ», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պնդում է՝ իրեն ժողովրդավարական հռչակած Փաշինյանի իշխանությունը հանրության առջև հաշվետու լինելու խնդիր ունի, հատկապես այս դեպքում առաջին հերթին պետությունը պատասխանատվություն ունի տուժած քաղաքացիների առջև։
Առողջապահության նախարարության տվյալներով, այդ օրը հիվանդանոցներ դիմած 106 տուժածներից 57-ի մոտ ախտորոշվել էր բեկորային վնասվածք։
«Հաշվետվողականության բացն ինքնին թույլ է տալիս ենթադրել, որ նման միջոցների կիրառումը հետագայում ևս թույլատրված է ու կարծես թե քաղաքական որոշում է, որ կարող է ոստիկանությունը կիրառել նման միջոցներ: Ավելին՝ հետադարձ ուժով փաստացիորեն «Զարյա 3» տիպի այս հատուկ տեխնիկական միջոցները, որոնք կիրառվել են, վերանայվելով որոշումը նորից թույլատրելի միջոցների ցանկում է հայտնվել», - ընդգծեց նա:
Իրավապաշտպանը նկատի ունի հունիսի 12-ի դեպքերից մոտ երկու շաբաթ անց առողջապահության նախարարի նոր հրամանը, որով թույլատրելի է համարվում մարդու նկատմամբ կիրառել վտանգավոր համարվող «Զարյա 3» տեսակի նռնակը, այն իրավապահների զինանոցում նախկինում արգելված էր։
Հունիսի 12-ի տեսագրություններն ուսումնասիրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը պնդում է, որ այդ օրը Ներքին գործերի նախարարությունը «Զարյա 3»-ով է ցրել հավաքը՝ առանց առողջապահության նախարարի հրամանի։ Այս կասկածները մինչև հիմա իրավապահները չեն հերքել։
«Առաջին հայացքից պարզ է, որ միջոցը կիրառվել է հանրային միջոցառումը ցրելու, վախ առաջացնելու, հետագա գործողությունները կանխելու նպատակով», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Մինչ Առողջապահության նախարարությունը չի պարզաբանում, թե ինչու են որոշել բեկորային վնասվածքներ առաջացնող «Զարյա 3»-ը ներառել ոստիկանության զինանոցում, մասնագետներն ընդգծում են՝ այն կարող է անդառնալի վնասներ պատճառել։
Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր «Ազատությանն» ասել՝ «Զարյա 3»-ն արգելվում է կիրառել հավաքների ժամանակ. - «Զինված խմբավորումներ, զինված հանցագործին զինաթափելու համար է, դրա վնասվածքը, հետևանքները կարող են անդառնալի լինել: Որ ասենք՝ անմիջապես մահաբեր է, ոչ, բայց կարող է բեկոր լինի, կարևոր արյունատար անոթ վնասվի ու բժիշկները չկարողանան անմիջապես տվյալ քաղաքացու կյանքը փրկել»։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ եթե ոստիկանական գործողությունների քննության արդյունքում որևէ մեղադրյալ ոստիկան չկա, ապա հակառակ պատկերն է ցուցարարների գործերում։
Նույն՝ հունիսի 12-ի գործերով արդեն ավարտվել է 14 մեղադրյալի նախաքննությունը։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների և խուլիգանության համար։ Քննչականից փոխանցեցին, որ առաջիկայում գործը կուղարկեն դատախազություն՝ հաստատելու մեղադրական եզրակացությունը։