Մատչելիության հղումներ

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի»․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ, Երևան, 1-ը հուլիսի, 2024թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ, Երևան, 1-ը հուլիսի, 2024թ․

Հեղափոխությունը ցույց տվեց, որ երբ որ հանրության ներսում փոփոխությունը հասունացած է, այդ փոփոխությունը տեղի կունենա, այսօր Երևանում, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ ոչ մեկ չի կարող դիմադրել և դիմակայել դրան։

«Վերջերս ես քաղաքական հանգամանքների բերումով միշտ ասում եմ՝ եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ մեկը չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար», - ասաց գործադիրի ղեկավարը։

Գրեթե երկու ամիս է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը բողոքի ակցիաներ, հանրահավքներ է անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան մարդ էլ վիրավորվեց։ Վարչապետի թիմակիցներն առաջին օրերից պնդում են՝ շարժումը մարում է, Փաշինյանի հրաժարականի պահանջն էլ կեղծ է։

«Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա»

Փաշինյանն այսօր ֆորումի ժամանակ նաև հայտարարեց՝ կարող է տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսել հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու համար։

«Որովհետև այսօր մեր հանրության ու հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին։ Մենք պետք է առերեսվենք այդ շերտերի հետ», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը նաև ընդծեց՝ այն, ինչ կարող էին անել քաղաքական կամքով, արել են, կարևոր են, ըստ նրա, ինստիտուցիոնալ լուծումները։

«Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա» , - հայտարարեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG