Մատչելիության հղումներ

Խամենեին իրանցիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին


Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրություններում, Թեհրան, 28-ը հունիսի, 2024թ.
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրություններում, Թեհրան, 28-ը հունիսի, 2024թ.

Այաթոլա Ալի Խամենեին ափսոսանք է հայտնել անցած շաբաթ Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլին ռեկորդային ցածր մասնակցության համար, միաժամանակ պնդել, որ ընտրողների պասիվությունը չի արտացոլում Իսլամական Հանրապետության ժողովրդականությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախօրեին Խամենեին իրանցիներին վերստին հորդորել է ընտրատեղամաս ներկայանալ և ընտրություն կատարել բարեփոխական թեկնածու Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական ճամբարի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի միջև:

«Նրանք, ովքեր սիրում են Իսլամը և Իսլամական Հանրապետությունը և երկրի առաջընթացը, պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը՝ մասնակցելով ընտրություններին», - ասել է Իրանի 85-ամյա հոգևոր առաջնորդը, ով համարվում է երկրի փաստացի ղեկավարը:

Իրանում երբևէ ամենացածր մասնակցությունը գրանցած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահի չորս թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50 տոկոսը: Չնայած գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կոչերին՝ ընտրատեղամաս է ներկայացել քվեարկելու իրավունք ունեցող 61 միլիոն քաղաքացիների միայն մոտ 40 տոկոսը: Մեկ միլիոնից ավելի քվեաթերթիկ էլ փչացված է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG