Մատչելիության հղումներ

Իրանցի կին ակտիվիստը մահվան է դատապարտվել


Իրանցի ակտիվիստ Շարիֆե Մոհամադի, արխիվ
Իրանցի ակտիվիստ Շարիֆե Մոհամադի, արխիվ

Իրանի հյուսիսային Ռաշտ քաղաքի Հեղափոխական դատարանն այսօր մահապատժի է դատապարտել արհմիութենական ակտիվիստ Շարիֆե Մոհամադիին: Վերջինիս աջակիցները «միջնադարյան և քրեական» են որակել դատավճիռը:

Դատարանը հայտարարել է, թե կինը դատապարտվում է «պետության դեմ զինված ապստամբության» մեղադրանքով, և ապացույցների թվում մատնանշել է նրա անդամակցությունը մի անկախ արհմիութենական կազմակերպության: Մոհամադին մեղադրվում է նաև քրդական անջատողական «Քոմալա» արգելված կազմակերպությանն անդամակցելու մեջ, ինչը նրա ընտանիքը հերքում է:

«Արշավ ի պաշտպանություն Շարիֆե Մոհամադիի» նախաձեռնությունն ընդգծում է, որ «Համակարգող կոմիտե արհմիութենական կազմակերպություն հիմնելուն օգնելու համար» արհմիութենական կազմակերպությունն օրինական է, սակայն, ամեն դեպքում, Մոհամադին դրա անդամ չէ արդեն 10 տարի:

Մոհամադիի հորաքույրն «Ազատության» պարսկական ծառայությանը փոխանցել է, որ իր զարմուհուն անցած տարվա դեկտեմբերի 5-ին կալանավորելուց հետո բանտում խոշտանգել են, և նա մի քանի ամիս եղել է լիակատար մեկուսացման մեջ: Վիդա Մոհամադին նշել է նաև, որ Շարիֆեն կապ չի ունեցել որևէ քաղաքական կազմակերպության հետ ոչ երկրի ներսում, էչ էլ երկրից դուրս:

2022 թվականին ոստիկանությունում գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար բերման ենթարկված Մահսա Ամինիի մահվանը հաջորդեցին բողոքի զանգվածային ակցիաներ Գիլան նահանգում և ամբողջ Իրանում: Ամիսներ շարունակված ցույցերի ընթացքում զոհվեց շուրջ 500 մարդ, հազարավոր ցուցարարներ ձերբակալվեցին:

XS
SM
MD
LG