Իրանում ոստիկաններն առգրավել են Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դիպլոմը, որը հետմահու շնորհվել է ոստիկանության բաժանմունքում մահացած Մահսա Ամինիին։
Իրավապահները դեկտեմբերի 22-ի երեկոյան դիպլոմը վերցրել են Ամինիի ընտանիքի փաստաբան Սալեհ Նիկբախտից՝ Թեհրանի օդակայանում, ուր նա ժամանել է Ֆրանսիայից: Բացի պատվավոր դիպլոմը, ոստիկանները փաստաբանից վերցրել են նաև նրա անձնագիրը և բջջային հեռախոսը:
Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը՝ ԵՄ մարդու իրավունքների գլխավոր մրցանակն է: Այն հոկտեմբերին շնորհվել է Իրանում մահացած Մահսա Ամինիին և իրանական «Կանայք, կյանք, ազատություն» բողոքի շարժմանը:
Դեկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ Ամինիի ծնողներին և եղբորը թույլ չեն տվել մրցանակաբաշխությանը ներկա լինելու և դիպլոմը ստանալու համար Իրանից մեկնել Ֆրանսիա, ինչի հետևանքով դիպլոմը ստացել է փաստաբան Նիկբախտը։
Սախարովի անվան մրցանակի դափնեկիրը ստանում է նաև դրամական պարգև՝ 50 հազար եվրոյի բանկային չեկ: Արդյո՞ք այն եղել է փաստաբանի մոտ, և արդյո՞ք ոստիկաներրը վերցրել են նաև չեկը՝ դեռևս հայտնի չէ:
22-ամյա Մահսա Ամինիին ոստիկանությունը ձերբակալել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մահմեդական կանանց գլխաշորը՝ հիջաբը, ոչ պատշաճ ձևով կրելու մեղադրանքով։
Երիտասարդ կնոջը մի քանի ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, որտեղ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Նրան փոխադրել են հիվանդանոց, որտեղ նա սեպտեմբերի 16-ին մահացել է:
Ամինիի հարազատները պնդում են, որ նրա մահվան պատճառ է դարձել ուժայինների կողմից բռնության գործադրումը։ Նրա մահից հետո Իրանում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր և ընդհարումներ, որոնց ընթացքում մարդիկ են զոհվել:
Սախարովի անվան մրցանակը հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից 1988 թվականին և շնորհվում է այն անձանց, ովքեր «բացառիկ ներդրում ունեն աշխարհում մարդու իրավունքների համար պայքարում»։
Մրցանակը կրում է խորհրդային իրավապաշտպան և այլախոհ, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ ֆիզիկոս Անդրեյ Սախարովի անունը։