Եվրախորհրդարանը Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակը այսօր խորհրդանշական կերպով շնորհում է Իրանի բանտում անցած տարի սեպտեմբերին մահացած Մահսա Ամինիին և իրանական իրավապաշտպան խմբերին։
22-ամյա քրդուհի Ամինիին ոստիկանները ձերբակալել էին գլխաշորը պատշաճ չկրելու մեղադրանքով։ Նրա հարազատները պնդում են, որ երիտասարդ կինը մեկուսարանում մահացել է գլխին և մարմնի վերջույթներին հասցված հարվածների հետևանքով։ Իշխանությունների փոխանցմամբ՝ մահվան պատճառը նրա առողջական խնդիրներն էին։
Նրա մահից հետո Իրանում բռնկված «Կին, կյանք, ազատություն» շարժումը անհնազանդության, քաղաքական ակցիաների ամենազանգվածային շարժումներից մեկն էր 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան այսօր ասել է, որ Իրանի իշխանությունները Մահսա Ամինի ընտանիքի անդամներին չեն թույլատրել ներկա գտնվել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների մրցանակի շնորհման Ստրասբուրգում կայանալիք արարողությանը։