Իրանի իշխանությունները Մահսա Ամինիի ընտանիքին թույլ չեն տվել թռչել Ֆրանսիա՝ Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի մրցանակը ստանալու համար։ Մտքի ազատության մրցանակը Ամինիին շնորհվել է հետմահու։
Այն ստանալու համար հրավիրվել են Ամինիի ծնողներն ու եղբայրը։ Սակայն, չնայած վիզա ունենալուն, Թեհրանի սահմանային ծառայությունը թույլ չի տվել նրանց ինքնաթիռ նստել և խլել է նրանց անձնագրերը։
Հարազատների փոխարեն մրցանակաբաշխությանը ներկա կլինի ընտանիքի փաստաբանը, հայտնում է Deutsche Welle-ն։
Երիտասարդ կնոջը բերման էին ենթարկել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։ Իրանի ոստիկանությունը պնդել էր, որ Ամինին սրտի հիվանդություն է ունեցել, ինչն էլ նրա հանկարծակի մահվան պատճառ է դարձել։ Իրանցի ընդդիմադիրները, սակայն, վստահ են՝ Ամինին զոհվել է ոստիկանությունում կիրառված բռնության հետևանքով։
Ամինիի մահը երկարատև զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել Իրանում։ Բողոքի ցույցերի և ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ 71 երեխա, հարյուրավոր ցուցարարներ վիրավորվել են, մոտ 20 հազարը՝ ձերբակալվել։ Մի քանի հոգի մահապատժի է դատապարտվել։