Մատչելիության հղումներ

Ո՞վ հանձնեց Լեռնային Ղարաբաղը. Երևանը Ռուսաստանին է մեղադրում, Մոսկվայից վիրավորանքով են պատասխանում


Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ
Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե հենց Ռուսաստանը վերցրեց Լեռնային Ղարաբաղը հայերի ձեռքից ու հանձնեց Ադրբեջանին, նոր լարվածություն է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում։ Գրիգորյանի մեղադրանքներին Մոսկվայից պատասխանել են վիրավորանքներով։

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

Նախ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր, անդրադառնալով Մոսկվայի հետ հարաբերություններին, պնդեց՝ առանց Ռուսաստանի թույլտվության 2020-ի պատերազմը տեղի չէր ունենա և որ հենց Ռուսաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանին։

«Սա է տեղի ունեցել չէ՞, երբ որ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից, Ռուսաստանը եկել մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը ու վերադարձրել է Ադրբեջանին ու հետ են գնացել: Սա է եղել իրականությունը», - նշել է Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ հենց վարչապետ Փաշինյանը 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Անվտանգության խորհրդի քարտուղարը հակադարձեց, թե դրանից առաջ նախագահ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս՝ իր հարցազրույցներում. - «Մինչև Պրահան, եղել են Ռուսատանի նախագահի հարցազրույցները, որտեղ նա Ղարաբաղ ճանաչել է Ադրբեջանի մաս»:

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովա

Օրվա 2-րդ կեսին Մոսկվայից կոշտ արձագանքեցին Գրիգորյանի մեղադրանքներին։ Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև վիրավորական ձևակերպումներ օգտագործեց։

«Եվ ինչպե՞ս են այդ մարդուն անվանում։ Ուզում եմ իրենց վերադարձնել այն թեզը, որ իրենք էին մտածել, որ երևի խոսքն ինչ-որ քարտուղարուհու մասին է։ Կարծում եմ, որ գոյություն ունեն իրողություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Ես այդ ոլորտում առկա գիտելիքները կիրառել չեմ կարող, բայց այդ ամենին այլ կերպ արձագանքել հնարավոր չէ», - ասել է Զախարովան։

Արցախն Ադրբեջանին հանձնելու Անվտանգության խորհրդի քարտուղարի մեղադրանքին արձագանքեց նաև Ռուսաստանի դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

Գրիգորի Կարասին
Գրիգորի Կարասին

«Ռուսաստանը չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այս խոսքերը կատարյալ սուտ են։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների, ներառյալ բարձր ղեկավարության հայտարարություններին։ Այնտեղ այդ հարցի պատասխանը կա, թող կարդան», - նշել է Կարասինը։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում։ Ուղիղ 3 տարի անց՝ 2023 -ի աշնանը Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց շուրջ մեկ տարի բլոկադայում գտնվող Արցախի նկատմամբ: Ռուս խաղաղապահները որևէ կերպ չմիջամտեցին։ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։

Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուց բացի, Անվտանգության խորհրդի քարտուղարը Ռուսաստանին մեղադրել էր նաև զենքի մատակարարման պայմանագրային պարտավորությունները մինչև վերջ չկատարելու համար։

Ի դեպ, շեշտելով, թե Մոսկվայից բացատրություններ են հնչել, թե դրա պատճառը Ուկրաինայի պատերազմն է, Արմեն Գրիգորյանը մեկ այլ հանգամանք էլ է հիշատակել. - «Չեմ ուզում անուն տալ, մի պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են»։

ԱԽ քարտուղարը «հետաքրքիր դեպք» որակեց Ռուսաստանի պահվածքը, երբ մի կողմից հրաժարվում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ մյուս կողմից դժգոհում, երբ Հայաստանը ստիպված փորձում է այլ երկրներից զենք-զինամթերք ձեռք բերել։ Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից նվազել է՝ հասնելով 10 տոկոսից էլ քիչ ցուցանիշի և դա Ռուսաստանի որոշումն է։

XS
SM
MD
LG