Մատչելիության հղումներ

Ալիևը ՀՀ քաղաքացի չէ, իսկ ապագա Սահմանադրության շարադրանքը պետք է քննարկել միայն ՀՀ քաղաքացիների հետ․ Իոաննիսյան


Իլհամ Ալիևը [Ադրբեջանի նախագահ] Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, իսկ ապագա Սահմանադրության շարադրանքը պետք է քննարկել միայն ՀՀ քաղաքացիների հետ, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է։

Պաշտոնական Բաքուն արդեն ավելի քան կես տարի է՝ պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, ընդգծելով, թե առանց դրա խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար կլինի։

Ադրբեջանը, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» դեռևս 1989-ին ընդունված որոշման վրա: Բաքուն այստեղ տարածքային պահանջներ է տեսնում։

Իոաննիսյանն «Ազատության» եթերում ասաց, որ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի լինելու-չլինելու, կամ փոփոխությունների հարցը խորհուրդը դեռ չի քննարկել՝ միևնույն ժամանակ հստակեցնելով՝ այդ հարցը խորհուրդում չի քննարկվելու Ալիևի պահանջների ֆոնին։

«Այսինքն ի՞նչ է պատկերացնում, որ երկու ամսում մենք պետք է Սահմանադրություն փոխենք իր ուզած ձևո՞վ, որ ինքը երկու ամիս հետո ուրիշ բան հորինի՞ խաղաղության պայմանագիր չստորագրելու համար», - ասաց ՀԿ նախագահը՝ նկատելով՝ Ադրբեջանն անընդհատ տարբեր հիմքեր է փնտրում խաղաղության պայմանագիրը ձգելու, չստորագրելու համար։

Հունիսի սկզբին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Մեծ հաշվով Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար։ «Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», - պնդեց արտգործնախարարը, վստահեցնելով, որ Սահամանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:

Միրզոյանի այս հայտարարությունից երկու օր անց, սակայն, Բաքուն կրկին հայտարարեց՝ խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների դադարեցումն է։

Իոաննսիյանը նկատեց՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ևս խնդրներ կան՝ իրենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ունեն իրենց Սահմանադրությունում։

«Այսինքն՝ կարելի է սիմետրիկ պահանջը ներկայացնել։ Բայց ամբողջ հարցը նրանում է, որ մի պահ կարծես Ադրբեջանի հետ պայմանավորվածություն էր նշմարվել, կամ համարյա կար պայմանավորվածություն, որ իրար Սահմանադրությունների մասին չենք հիշում, նույնիսկ դրա մասին արտգործնախարար Միրզոյանն ասաց, և հետո Ադրբեջանը հետ կանգնեց և նորից սկսես Սահմանադրության մասով պահանջներ ներկայացնել։ Ես չեմ կարծում, որ այս հարցը պետք է Ադրբեջանի պահանջների կոնտեքստում քննարկվի։ Ընդհանրապես Իլհամ Ալիևը Հայաստանի քաղաքացի չէ, իսկ ապագա Սահմանադրության շարադրանքը պետք է քննարկել միայն Հայաստանի քաղաքացիների հետ», - հայտարարեց Իոաննիսյանը։

Իոաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․


XS
SM
MD
LG