Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը ժամանել է Հայաստան


ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Երևանում, հունիսի 17, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Երևանում, հունիսի 17, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ժամանել է Հայաստան։

Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ կից գրելով. «Բարև, Երևան»։ Ապա շարունակել է. «Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու և մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու»։

ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնում է, որ Ռիչարդ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Ամերիկացի պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով, այստեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին», - նշել է ԱՄՆ դեսպանատունը։

Օրերս Հայաստանում էր նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա Երևանում մասնակցել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստին։

XS
SM
MD
LG