Այն ստատուսը, որ Հայաստանին տվեց Միացյալ Նահանգները ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցից հետո, տարածաշրջանում ունեն միայն Վրաստանը և Ուկրաինան, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանն ասաց ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։
«Նոր ռազմավարական մոտեցումը, որ ԱՄՆ-ն որոշեց Հայաստանի հետ զարգացնի, և այն հանձնաժողովը, որ կազմվելու է, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր, նման հարաբերություններ չունի Միացյալ Նահանգների հետ։ Այդ հանձնաժողովի միջոցով օրակարգ են կազմելու, և այդ օրակարգում շեշտելու են այն ոլորտները, որոնցում համագործակցելու են», - նշեց նա։
Ըստ Կոպալյանի՝ այս նոր մոտեցումն ամբողջովին տարբեր է նախկինում եղածից, ավելի կառուցողական ու համակարգված է. - «Երբ ԱՄՆ-ն այս ռազմավարական ստատուսն է տալիս յուրաքանչյուր երկրի, նա երկարաժամկետ ներդրում է անելու այդ երկրի մեջ, այսինքն՝ այստեղ հեռանկար կա։ Սա շատ լուրջ բան է և խորը զարգացնելու է հարաբերությունները»։
Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում մասնակցել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստին, հայտարարել, որ Վաշինգտոնը նաև պաշտպանության, անվտանգության հարցերում է շարունակելու աշխատել Երևանի հետ, շեշտելով, որ ուզում են ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, որը հնարավորություն կտա ավելի խորը փոխգործակցության։
Ըստ Ներսես Կոպալյանի՝ Միացյալ Նահանգները գիտակցում է, որ Հայաստանը դառնալու է հաջորդ կարևոր երկիրը տարածաշրջանում Արևմուտքի համար։
Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում նաև շեշտել էր՝ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին։
«Նա խոսեց եվրաատլանտյան դաշինքի մասին, այսինքն՝ մենք հասկանում ենք, որ տրանսատլանտիկ համակարգը դիրքավորվում է տարածաշրջանում, և իրենք համարում են՝ Հայաստանն ավելի նախընտրելի երկիր է», - նկատեց համալսարանի պրոֆեսորը։
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում