Մատչելիության հղումներ

Պուտինը կրկին առաջ է քաշում Ուկրաինայում խաղաղության դիմաց նախկինում մերժված ռուսական կողմի պայմանները


Պուտինը կրկին առաջ է քաշում Ուկրաինայում խաղաղության դիմաց նախկինում մերժված ռուսական կողմի պայմանները՝ հատուկ շեշտելով՝ իր առաջարկները ոչ թե ժամանակավոր հրադադարի կամ հակամարտության սառեցման, այլ արյունահեղությունը վերջնականապես դադարեցնելու մասին է։

Կրեմլի ղեկավարն իր հայտնի պահանջները վերստին հնչեցրեց Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության հարցով համաժողովի նախաշեմին, որին Ռուսաստանը հրավիրված չէ:

Ուկրաինական զորքն ամբողջովին պետք է հեռանա ռուսական բանակի կողմից մասամբ օկուպացված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, հայտարարեց Պուտինն, ըստ էության, Ուկրաինայից պահանջելով էլ ավելի շատ տարածքներ զիջել Ռուսաստանին, քան ռուսական զորքը կարողացել է գրավել երրորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքում։

Ռուսաստանի նախագահը հնչեցրեց նաև իր մյուս հայտնի պահանջը՝ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից։

«Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է և սկսում է զորքի դուրսբերումը, ինչպես նաև հայտարարի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու մասին, մենք անհապաղ կհրահանգենք դադարեցնել կրակը և կսկսենք բանակցություններ», - հայտարարեց Պուտինը՝ երկրի դիվանագիտական կորպուսի ղեկավարության հետ հանդիպմանը։

Բացի այդ՝ Ռուսաստանը շարունակում է պահանջել, որպեսզի սահմանակից Ուկրաինան ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ընդունի «տարածքային նոր իրողությունները»։

Պահանջների այդ պատկառելի ցանկը, սակայն, ամբողջը չէր․ Կրեմլի ղեկավարը պնդեց՝ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից կրակի դադարեցումը հնարավոր կլինի Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցների չեղարկման դեպքում, ասաց՝ այդ դրույթը պետք է ամրագրվի խաղաղության հարցով միջազգային պայմանագրում։ Ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը զգուշացրեց՝ եթե Ուկրաինան և նրա դաշնակիցները մերժեն իր շարադրած այսօրվա պայմանները, Մոսկվայի վաղվա պահանջների ցանկն ավելի երկար կլինի։

«Եթե Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում հրաժարվեն, ապա դա իրենց գործն է, իրենց քաղաքական և բարոյական պատասխանատվությունն է արյունահեղության շարունակության համար», - եզրափակեց Ռուսաստանի առաջնորդը։

«Վերջնագիր, որին վստահել չի կարելի»

Կիևի համար Պուտինի այդ պահանջներն ու մոտեցումները նորություն չեն և դրանք բազմիցս է մերժել՝ իր հերթին պահանջելով արժանապատիվ խաղաղություն։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Պուտինի առաջարկներն անվանեց «վերջնագիր, որին վստահել չի կարելի»։

Զելենսկու համոզմամբ՝ Կրեմլի ղեկավարը չի դադարեցնի ռազմական հարձակումները, եթե նույնիսկ այդ բոլոր պահանջներն իրականություն դառնան։

«Այդ հաղորդումները վերջնագրեր են, դրանք ոչնչով չեն տարբերվում մյուսներից, որոնք նա առաջ է քաշել նախկինում», - Sky TG24 հեռուստաընկերության հետ զրույցում պնդեց Ուկրաինայի առաջնորդը:

Պուտինի հայտարարությունները հնչել են Ուկրաինայի խաղաղության հարցով Շվեյցարիայում մեկնարկող միջազգային գագաթնաժողովի նախաշեմին։ Այդ հավաքին մասնակցում են աշխարհի ութ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, Ռուսաստանը չի հրավիրվել։ Հավաքի նպատակը Ուկրաինայում «խաղաղության բանաձևը» գտնելն է, որը հիմնված կլինի Կիևի պատկերացումների վրա։

Ուկրաինական տեսլականը գոնե այս փուլում հակամարտող մյուս կողմի հետ բանակցություններ չի ենթադրում, Զելենսկու վարչակազմը կարծում է, որ երկրի ինքնիշխան տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից, ռուսական զորքի դուրսբերմանը հնարավոր է հասնել միջազգային ճնշումների միջոցով։

XS
SM
MD
LG